ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Աշխատաշուկայի խնդիրները կլուծվեն կարճաժամկետ ուսուցման ծրագրերի և վերապատրաստումների միջոցով. ՄԿՈՒԶԱԽ

Աշխատաշուկայի խնդիրները կլուծվեն կարճաժամկետ ուսուցման ծրագրերի և վերապատրաստումների միջոցով. ՄԿՈՒԶԱԽ

Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդը (ՄԿՈՒԶԱԽ) գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ֆինանսների նախարարությունների, ինչպես նաև սոցիալական գործընկերության կառույցների` գործատուներին ներկայացնող կազմակերպությունների և արհեստակցական միությունների ներկայացուցիչներ:

Նիստի օրակարգում ընդգրկված էին 2021 թվականին մշակման ենթակա 12 և վերանայման ենթակա 20 նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների, ինչպես նաև մշակման ենթակա 9 ՆՄՄԿ ուսումնական ձեռնարկի և ուսումնամեթոդական նյութի ընտրության և հաստատման հարցերը: Դրանք զեկուցել է ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը: Քննարկման արդյունքում ներկայացված ցանկից հստակեցվել, ընտրվել և ընդունվել են մշակման ու վերանայման ենթակա չափորոշիչները, ձեռնարկները և ուսումնամեթոդական նյութերը:

Նիստի ընթացքում առաջարկ է հնչել պատերազմի և համավարակի հետևանքով աշխատաշուկայում ծագած նոր խնդիրները լուծել կարճաժամկետ ուսուցման ծրագրերի և վերապատրաստումների միջոցով։ Ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ եթե Հայաստանի Գործատուների հանրապետական միությունն իրականացնի աշխատուժի կարիքի գնահատում և առաջարկ ներկայացնի, թե հատկապես որ ուղղությունների վրա պետք է շեշտադրում անել, ապա ԿԳՄՍ նախարարությունն ուսումնական հաստատությունների միջոցով կիրականացնի կարճաժամկետ ուսուցման դասընթացներ: Ըստ փոխնախարարի՝ այնուհետև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ հնարավոր կլինի զբաղվածության ծրագրերն ուղղորդել՝ ըստ այդ առաջնահերթությունների և ուղղվածությունների:

Նիստի հաջորդ հարցերը վերաբերել են «Աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը Հայաստանում. ՄԿՈՒ համակարգում պրակտիկայի բարելավում» և «Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության հայկական մոդելի՝ ՆՄԿՈՒ հաստատության կողմից առևտրային գործունեության իրականացվելիության գնահատում» հայեցակարգերին, որոնց նախագծերը խորհրդի անդամներին ներկայացրել են ԿԳՄՍՆ Նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը և Եվրոպական կրթական հիմնադրամի փորձագետ Արայիկ Նավոյանը:

Ըստ զեկուցողների՝ «ԱՀՈՒ հայկական մոդելը» նպատակ ունի ՆՄԿՈւ հաստատությանը հնարավորություն տալ տրամադրվող կրթության համապատասխան մասնագիտությունների ոլորտներում զբաղվել տնտեսական գործունեությամբ, որի շնորհիվ հնարավոր կլինի ուսանողներին ներգրավել իրական ծառայության մատուցման կամ ապրանքի արտադրության գործընթացներում՝ ապահովելով նրանց գործնական ուսուցումն աշխատավայրում:

Նշվել է, որ ԱՀՈՒ այս ձևի գաղափարի համար հիմք են հանդիսացել օրենսդրությամբ ՆՄԿՈՒ հաստատություններին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ընձեռած հնարավորությունը և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված տարբեր նախագծերի փորձառությունը:

Արտակ Աղբալյանն ընդգծել է, որ Եվրոպական կրթական հիմնադրամի հայաստանյան պատասխանատուի գնահատմամբ՝ ինչպես սոցիալական գործընկերության ներդրման ոլորտում է մեր երկիրն առաջամարտիկ, այնպես էլ՝ ՆՄԿՈՒ հաստատություններին ձեռնարկատիրական լայն հնարավորություններ տալու գործում: Նրա խոսքով՝ այսօր առնվազն 10 ուսումնական հաստատություններ ունեն համապատասխան նյութատեխնիկական բազա, սակայն իրական հնարավորություն չունեն իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Ըստ վարչության պետի՝ ԱՀՈՒ հայեցակարգի ընդունումից հետո հնարավոր կինի երեք ուսումնական հաստատություն փորձնական դարձնել հիմնադրամ, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ապա այն հաջողելու դեպքում այդ փորձը պարբերաբար տարածել այլ հաստատությունների վրա: Քննարկումների արդյունքում խորհուրդը հավանության է արժանացրել երկու հայեցակարգերի նախագծերը:

Նիստի վերջին հարցը վերաբերում էր 2020 թվականին Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի իրականացրած աշխատանքներին, որն ընդունվել է ի գիտություն:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր: Առաջարկ է հնչել ավելի հաճախակի գումարել խորհրդի նիստերը։

  • Կիսվել: