կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Աշխատաշուկա մուտք գործելու հնարավորություն ուսանողների համար. աշխատանքի տոնավաճառ՝ Տնտեսագիտական համալսարանում

Աշխատաշուկա մուտք գործելու հնարավորություն ուսանողների համար. աշխատանքի տոնավաճառ՝ Տնտեսագիտական համալսարանում

Կրթական ծրագրերի պրակտիկ կողմը ապահովելու, աշխատաշուկայում ուսանողների համար մասնագիտություն գտնելը հեշտացնելու, կարիերայի զարգացման հնարավորություններին, հեռանկարներին ծանոթացնելու համար մայիսի 5-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ կազմակերպեց  Աշխատանքի տոնավաճառ:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնակիցների շարքում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտի շուրջ 80 հայաստանյան առաջատար գործատուներ. պետական հատվածից՝ ՀՀ նախագահի աշխատակազմ, նախարարություններ, Կենտրոնական բանկ և այլ, իսկ մասնավոր հատվածից՝ Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա, Ամերիաբանկ, Արդշինբանկ, HSBC բանկ, Ինգո Արմենիա, Նաիրի ինշուրանս ապահովագրական ընկերություններ, Երևանի կոնյակի գործարան, Երեմյան փրոջեքթս, Դը Գուրուս, Դաբըլ թրի բայ Հիլթն, Երևան սիթի սենթը, Տելեկոմ Արմենիա և այլ խոշոր կազմակերպություններ։  

«Բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդումը ցանկացած ֆորմատով կարևոր է: Տոնավաճառի ֆորմատը մեզ համար ավանդական է դարձել: Նկատում ենք, որ արդեն երրորդ տարին է գործատուներն էլ ավելի մեծ հետարքրքրություն են ցուցաբերում: Անցյալ տարի մեր տոնավաճառին մասնակցել է 55 գործատու, իսկ այս տարի՝ 80 գործատու, որոնք հիմնականում ներկայացնում են տնտեսագիտական մասնագիտությունների իրենց թափուր հաստիքները, բայց նաև այլ թափուր հաստիքներ ևս, քանի որ տանավաճառը ոչ միայն բաց է ՀՊՏՀ ուսանողների, այլև բոլոր այցելուների համար»,- ասաց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը:  

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանի խոսքով՝ նման միջոցառումները նպաստում են աշխատաշուկա-բուհ կապի զարգացմանը: 

«Աշխատաշուկա մտնելիս կարևոր են ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիքները: Նման տոնավաճառները հնարավորություն են տալիս ուսանողներին ավելի շուտ մտնել աշխատաշուկա և պրակտիկ գիտելիքներ ձեռք բերել: Աշխատաշուկան ունի որակյալ մասնագետների կարիք, իսկ որակյալ մասնագետ լինելը չի նշանակում միայն դիպլոմ ունենալ, կարևոր են նաև պրակտիկ գիտելիքները»,- ասաց նա:  

Փոխնախարարի խոսքով՝ առաջիկայում կքննարկվի կամավորության մասին նոր օրենք, որը ևս կնպաստի գիտելինքերի, փորձի ձեռքբերմանը և լավ հնարավորություն կլինի ինքնադրսևորման համար:  

  • Կիսվել: