երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից անցկացվել է «Կարիերայի և մասնագիտությունների օր»

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից անցկացվել է «Կարիերայի և մասնագիտությունների օր»

Միասնական սոցիալական ծառայության Սևանի տարածքային կենտրոնում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից անցկացվել է «Կարիերայի և մասնագիտությունների օր»։ Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Հնարավորություն երիտասարդներին՝ տեղեկանալ մարզում զբաղվածության հնարավորությունների մասին, գործատուների կողմից ներկայացվող պահանջներին, ծանոթանալ ԱՍՀՆ կողմից իրականացվող զբաղվածության միջոցառումներին և իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ կարիերայում հաջողությունների հասած բանախոսներից։

Նպատակ ունենալով զբաղվածության ծրագրերը համալրել նոր շահառուներով, ինչպես նաև աջակցել երիտասարդներին մասնագիտական ճիշտ կողմնորոշման հարցում՝ ուսումնական հաստատությունները տաղավարներում ներկայացրել են բուհական կրթության առանձնահատկությունները, գործատուները՝ կրթությունից զբաղվածության անցնելու հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ միջոցառման ընթացքում իրականացվել են նաև «Մասնագիտության գիտակցված ընտրության բանաձևը» և «Սոցիալական ձեռնարկատիրությունը զբաղվածության երաշխիք» խորագրով դասընթացներ։

Նախաձեռնության մասնակից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանը վստահություն է հայտնել, որ նմանօրինակ միջոցառումները ԱՍՀՆ կողմից առաջարկվող զբաղվածության ծրագրերը կդարձնեն առավել հասանելի, իսկ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնները՝ այն վայրերը, որտեղ քաղաքացիները պարբերաբար կայցելեն մասնագիտական կողմնորոշման հնարավորությունն իրացնելու և գործատուների առաջարկներին ծանոթանալու նպատակով։

«Շատ կարևոր է մասնագիտական կողմնորոշում-կրթություն-զբաղվածություն օղակի կապը գործնականում կիրառելի պահել, և ՄՍԾ տարածքային կենտրոններում դրանց պարբերական բնույթ տալ։ Այսինքն՝ ստեղծել հնարավորություն, որ համալսարանները, գործատուները և մասնագիտական կողմնորոշման հնարավորությունները լինեն մեկ վայրում, և երիտասարդները կարողանան մասնագիտության գիտակցված ընտրություն կատարել և ինքնաիրացվել»,- նշել է Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ նմանատիպ միջոցառումները կլինեն հաճախակի և կիրականացվեն ՄՍԾ մյուս կենտրոններում ևս։

 

  • Կիսվել: