շաբաթ, հունվար 18
18 / 1 / 2025
Աշխատանքային խորհրդակցություն՝ ՆԳՆ-ում. Ցուցուլյանը հանձնարարել է մշտապես ուշադրություն դարձնել թաքստոցների վիճակին

Աշխատանքային խորհրդակցություն՝ ՆԳՆ-ում. Ցուցուլյանը հանձնարարել է մշտապես ուշադրություն դարձնել թաքստոցների վիճակին

Դեկտեմբերի 12-ին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներն ու օգնականը, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։ 

Խորհրդակցության ընթացքում տնօրենը հատկապես կարևորել է Փրկարար ծառայության արձագանքող ստորաբաժանումների, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության, ինչպես նաև ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտի» ՃՇՇ-ների միջև ակտիվ փոխհամագործակցությունը՝ նշելով, որ քաղաքացիներին ժամանակին և համարժեք օգնության տրամադրումը ՆԳՆ փրկարար ծառայության գերխնդիրներից է:

 

Զեկույցներով հանդես են եկել ստորաբաժանումների ղեկավարները, որոնք ներկայացրել են ընթացիկ աշխատանքները, հանձնարարականների կատարման ընթացքը և ձեռնարկված միջոցները՝ նշելով, որ անձնակազմը պատրաստ է իրականացնել իր առջև դրված առաջադրանքները։

 

Լսելով ընթացիկ զեկույցները՝ Կ․ Ցուցուլյանը մատնանշել է գործունեության ընթացքում ի հայտ եկած թերությունները և բացթողումները՝ ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարելով առավելագույն ջանքեր ներդնել ի հայտ եկած խնդիրների լուծման ուղղությամբ։

 

ՓԾ տնօրենը հատուկ անդրադարձել է կանխարգելիչ միջոցառումների կարևորությանը, իսկ մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրել է հանրապետության բարդ ռելիեֆով առանձնացող ավտոճանապարհներին իրականացնել շրջայցեր՝ դեպքերին առավել արդյունավետ և օպերատիվորեն արձագանքելու, մարդկանց անվտանգությունն ապահովելու նպատակով, իսկ անհրաժեշտության դեպքում ծավալել առաջին օգնության ժամանակավոր հենակետեր։

 

Փրկարար ծառայության տնօրենը հանձնարարել է մշտապես ուշադրություն դարձնել սպասարկման տարածքներում գտնվող հիդրանտների սարքինությանը, շենք-շինությունների նկուղային հարկերում տեղակայված թաքստոցների վիճակին՝ համագործակցելով շահագրգիռ մարմինների հետ։ 

Խորհրդակցության ավարտին Կ․ Ցուցուլյանն անդրադարձել է փրկարարների կարգապահական և բարեվարքության հարցերին, ստորաբաժանումների ղեկավարներին հորդորել համակարգված աշխատանքներ իրականացնել ծառայության բարելավման ուղղությամբ, խստորեն հետևել կարգուկանոնին, հսկողություն սահմանել ենթակա անձնակազմի ծառայության նկատմամբ, տվել այլ հանձնարարականներ ու ցուցումներ։

  • Կիսվել: