ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Աշխարհահռչակ ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանին շնորհվել է ՀՌՀ-ի պատվավոր դոկտորի կոչում

Աշխարհահռչակ ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանին շնորհվել է ՀՌՀ-ի պատվավոր դոկտորի կոչում

Հայ-Ռուսական համալսարանում նոյեմբերի 1-ին «Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակի գերծանր տարրերի բացահայտում» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել մեծանուն ֆիզիկոս, Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջուկային ռեակցիաների լաբորատորիայի ղեկավար, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՀՌՀ-ի Պատվո շքանշանի դափնեկիր Յուրի Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում են ՀՌՀ մամուլի ծառայությունից։

«Նա մեր ուժի, ինտելեկտի, ակադեմիականության մարմնացումն է։ Դա այն ուժն է, որը մեզ անպայման թույլ կտա առաջատար դառնալ բոլոր այն ուղղություններում, որում մենք կանք։ Եվ, իհարկե, մեր խորը հարգանքը և ակնածանքն ենք բերում ձեզ՝ ցանկանալով բեղմնավոր հետագա բազմատարյան աշխատանք, գործ և գործունեություն»,- իր ողջույնի խոսքում նշել է ՀՌՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը։

Դասախոսությունից հետո տեղի է ունեցել նաև Յուրի Հովհաննիսյանին ՀՌՀ-ի պատվավոր դոկտորի կոչման շնորհման հանդիսավոր արարողությունը։

Նշենք, որ Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը Մենդելեևի աղյուսակի 118-րդ քիմիական տարրն ի պատիվ Յուրի Հովհաննիսյանի «օգանեսոն» է անվանել։ Նա ատոմային միջուկի փորձարարական ֆիզիկայի, Մենդելեևի պարբերական աղյուսակի նոր տարրերի սինթեզի և հատկությունների հետազոտման, լիցքավորված մասնիկների արագացուցիչների ֆիզիկայի և տեխնիկայի, նանոտեխնոլոգիաներում արագացված ծանր իոնների կիրառման մասնագետ է։

  • Կիսվել: