երեքշաբթի, հուլիս 5
5 / 7 / 2022
ԱՍՀ նախարարության պարզաբանումը՝ անկանխիկ գործարքներ կատարող կենսաթոշակառուներին և նպաստառուներին 10% հետվճարի կարգի վերաբերյալ

ԱՍՀ նախարարության պարզաբանումը՝ անկանխիկ գործարքներ կատարող կենսաթոշակառուներին և նպաստառուներին 10% հետվճարի կարգի վերաբերյալ

Կառավարությունը հունիսի 23-ին հաստատել է «Կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման» իրականացման կարգը։

Այդ կապակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիշեցնում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, հաջորդ ամիս կստանան 10 %-ի չափով հետվճար, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։

«Հետվճարի մեխանիզմը կգործի նաև կոմունալ վճարումների դեպքում, որի շրջանակում, ըստ այսօր հաստատված ընթացակարգի՝ հետվճարի մեխանիզմը կգործի ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումների դեպքում։

Այս պահի դրությամբ՝ ծրագրին արդեն իսկ միացել են ՎՏԲ Հայաստան բանկը, Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը։ Պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառմանը միանալու գործընթացը լինելու է շարունակական․համագործակցության պատրաստակամ բանկերը կարող են շարունակել դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ ծրագրին միանալու համար»,- ասվում է պարզաբանման մեջ։

Ըստ աղբյուրի՝ բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան փոխել իրենց կենսաթոշակը կամ նպաստը տրամադրող կազմակերպությունը, կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։

  • Կիսվել: