ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արթուր Գրիգորյանի երգերը շարունակելու են հայրենասիրություն ու լավատեսություն ներշնչել. Հրաչյա Սարգսյան

Արթուր Գրիգորյանի երգերը շարունակելու են հայրենասիրություն ու լավատեսություն ներշնչել. Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ:
 
«Խոր վշտով տեղեկացա մեծանուն երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի վաղաժամ մահվան մասին: Արթուր Գրիգորյանը հայկական կոմպոզիտորական դպրոցի կարկառուն ներկայացուցիչներից էր, մարդ, ում ստեղծագործությունները սիրում ու գնահատում են բոլորը, ում երաժշտությունը ոգեշնչման մեծ աղբյուր է:
 
Արթուր Գրիգորյանը մեծ ավանդ ունի հայկական էստրադային երգիչների մի քանի սերունդներ կրթելու ու մասնագիտական բարձունքների հասցնելու գործում: Մաեստրոն հրաշալի ստեղծագործություններ է նվիրել նաև Երևանին:
 
Իմ և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անունից ցավակցում եմ Արթուր Գրիգորյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին, նրա անզուգական արվեստի բոլոր երկրպագուներին: Համոզված եմ, որ Արթուր Գրիգորյանի երգերը շարունակելու են մեզ լուսավոր ակնթարթներ պարգևել, հայրենասիրություն ու լավատեսություն ներշնչել: Հանգչեք խաղաղությամբ, սիրելի ՛ Մաեստրո»,- գրել է Հրաչյա Սարգսյանը:

  • Կիսվել: