շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցիչները բողոքում են «Գիշերօթիկ դպրոցի» շենք տեղափոխվելու որոշման դեմ

Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցիչները բողոքում են «Գիշերօթիկ դպրոցի» շենք տեղափոխվելու որոշման դեմ

InfoPort.am-ի խմբագրություն է դիմել Շիրակի մարզի Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի ուսուցչական կոլեկտիվը՝ բողոքելով պատկան մարմինների կայացրած որոշման դեմ՝ համաձայն որի նախատեսվում է դպրոցը  «Հյուսիսային համալսարանի»-ի շենքից տեղափոխել «Գիշերօթիկ դպրոցի» շենք։

Ըստ ուսուցչական կոլեկտիվի՝ դպրոցի հիմնական շենքը 2021 թվականի սեպտեմբերի 1-ից քանդվել է՝ նոր շենք կառուցելու նպատակով։
Հիշյալ թվականից թիվ 2 հիմնական դպրոցի ուսումնական գործունեությունը շարունակելու համար ժամանակավորապես հատկացվել է Արթիկի նախկին «Հյուսիսային համալսարանի» շենքը, որը գտնվում է քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում (Բաղրամյան փողոց), և իր դիրքով հարմար է և՛ սովորողներին, և՛ աշխատակազմին։ Իսկ կոլեկտիվին խոստացվել է դպրոցի նոր շենքի կառուցումը ավարտել 2024 թվականին։

Սակայն 2024 թվականին անհասկանալի պատճառներով որոշում է կայացվել դադարեցնել դպրոցական մասնաշենքի շինարարությունը, իսկ թիվ 2 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ը տեղափոխել «Գիշերօթիկ դպրոց»-ի շենք, քանզի «Հյուսիսային համալսարանի» շենքը, որում ներկայումս գործում է դպրոցը գտնվում է վթարային վիճակում։

Մինչդեռ դպրոցի կոլեկտիվը համաձայն չէ այս որոշման հետ, քանզի «Գիշերօթիկ դպրոց-ի» շենքի պայմանները  աղետալի են։ Բացի այդ տվյալ դպրոցը սովորողների և ուսուցիչների բնակատեղիներից գտնվում է շատ հեռու՝ քաղաքի արվարձանում, ինչը կարող է բերել աշակերտների թվաքանակի կտրուկ նվազմանը, ինչն էլ իր հերթին կբերի ուսուցչական անձնակազմի կրճատմանը։

Մանկավարժները կարծում են, որ տվյալ որոշման հիմնանպատակը Արթիկ քաղաքի առաջին դպրոցի (հիմնադրվել է 1926թվականին) լուծարումն է։ Մինչդեռ տվյալ դպրոցը, որն ունի 600-ից ավել աշակերտներ, ամենախոշորն է Արթիկում, իսկ Շիրակի մարզում 2-րդը կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների թվաքանակով։

Ուստի ուսուցիչների խնդրանքն է՝ թույլատրել շարունակել իրենց ժամանակավոր գործունեությունը «Հյուսիսային համալսարանի» շենքում և օժանդակել, որպեսզի դպրոցի նոր շենքի շինարարական աշխատանքները հնարավորինս շուտ ավարտվեն։

Մանկավարժները նաև հավաստում են, որ դպրոցի կոլեկտիվը և «Հյուսիսային համալսարանի» սեփականատերը ընդհուպ պատրաստ են իրենց միջոցներով բարենորոգել շենքը, որպեսզի դպրոցը չտեղափոխվի այլ տարածք մինչև սեփական շենքի հիմնանորոգումը։

Նշենք, որ սույն խնդրով  Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի ուսուցչական կոլեկտիվը դիմել է թե Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին, թե ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, սակայն ձայն բարբառո հանապատի, ինչը շատ տարակուսելի է հատկապես կառավարության մարզային ուսումնական հաստատությունների բարենորոգման ծրագրերի ակտիվացման ֆոնին։

 

 

  • Կիսվել: