երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Արտերկրում ուսումնառությունն ավարտած 57 քաղաքացիներից ընդամենը 1-ն է ծառայել․ ունենք համակարգ, որը չի աշխատում. Անդրեասյան

Արտերկրում ուսումնառությունն ավարտած 57 քաղաքացիներից ընդամենը 1-ն է ծառայել․ ունենք համակարգ, որը չի աշխատում. Անդրեասյան

Արտերկրի ԲՈՒՀ-երում ուսումնառություն ստացող 570 քաղաքացիներից 57-ն արդեն ավարտել են իրենց ուսումնառությունը, և այդ 57-ից ընդամենը 1-ն է ծառայել վերադարձից հետո։ Այս մասին հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանի հարցին, թե արդյո՞ք նոր ծրագրից օգտվողները խուսափելու են ծառայությունից։

«57 քաղաքացիների շրջանում մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանցից ընդամենը 1-ն է ծառայել վերադարձից հետո, 4-ը զբաղվում են գիտահետազոտական գործունեությամբ, 12 քաղաքացին հետախուզման մեջ են, 40 քաղաքացի որևէ այլ հիմքով չի ծառայել։ Սա նշանակում է, որ իրականում մենք ունենք համակարգ, որը չի աշխատում, և օրենսդրական այս կարգավորումն ուղղված է նրան, որ վերանայենք գործող համակարգերը և դրանք դարձնենք իրապես արդյունավետ ու նպատակային՝ հաշվի առնելով, թե ինչ նպատակով է տրվում տարկետումն այս քաղաքացիներին»,– ասել է Անդրեասյանը։

Նա նաև հավելել է, որ պետական կամ մասնավոր ոլորտներում աշխատանքի հարցը քննարկվել է նաև հանձնաժողովի նիստում։ Այս պահին նման սահմանափակում դրված չէ՝ հաշվի առնելով, որ պետությունը բազմաթիվ առանցքային ոլորտներում համագործակցում է մասնավորի հետ, և կարող են լինել կարևոր դեպքեր, երբ մասնավոր կազմակերպություններում աշխատանքը նույնպես կարող է վճռորոշ նշանակություն ունենալ պետության համար։

  • Կիսվել: