Վթար մերկասառույցի պատճառով Արտենի-Արագածավան ճանապարհին. 3 վիրավորներից մեկը 8-ամյա աղջնակ է
Այսօր՝ հունվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 12:00-ի սահմաններում Արտենի-Արագածավան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «Volkswagen Passat» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը 8 տարեկան աղջնակ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Արմավիրի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհն ամբողջությամբ պատված է ձյան շերտով ու մերկասառույց է։ Այն սպասարկող ընկերությունը ոչինչ չի արել ձյունը հեռացնելու, ճանապարհը աղ ու ավազով մշակելու ուղղությամբ։


