Շենգավիթում տղամարդը սպառնում էր պայթեցնել իր մոտ եղած նռնակները. 1.5 ժամ տևած բանակցություններից հետո նա հանձնվել է
Այսօր՝ մարտի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում և շնորհիվ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավթիի բաժնի ոստիկանների, այն բարեհաջող է ավարտվել և ողբերգություն տեղի չի ունեցել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ժամը 05:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատւիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդի տներից մեկում տղամարդը, իր մոտ ունենալով 2 մարտական նռնակ, սպառնում է, այն պայթեցնել:
Նշված տան բակում տան բնակիչ 28-ամյա Նարեկ Մ.-ն իր ձեռքերում պահել է մարտական նռնակներ և պահանջել, որ ոչ ոք չմոտենա իրեն՝ անընդհատ կրկնելով, որ գրավի տունը պայթեցնելու է, քանի որ քեռի ոմն Հովոն պետք է պատասխան տա:
Ոստիկանները մոտ 1,5 ժամ բանակցություններ են վարել, ինչից հետո հաջողվել է Նարեկ Մ.-ին համոզել, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին:
Բացատրական աշխատանքների շնորհիվ նա նռնակները հանձնել է ոստիկանության ծառայողներին:
Նռնակները բարեհաջող վնասազերծելուց հետո ոստիկանները նրան տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին:
Կայքի տեղեկություններով՝ Նարեկ Մ.-ն դրական է բնութագրվում հարազատների, հարևանների ու ընկերների կողմից, և եղել է 44-օրյա պատերազմի մասնակից: