Արտակարգ դեպք Արարատի մարզում. ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը չկարողացավ մոլորեցնել Արարատի պարեկներին. պարզվեց, որ նա ավտոմեքենան առևանգել է
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիակնության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկներ Սուսաննա Մեջլումյանն ու Հակոբ Պողոսյանը հերթական բացահայտումն են իրականացրել մարզում, գրում է shamshyan.com-ը:
Այսօր՝ հունվարի 19-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, նրանք, ծառայություն իրականացնելով Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արտաշատի վարչական տարածքում, նկատել են, որ դեպի Երևան է ընթանում ՎԱԶ 21150 մակնիշի ավտոմեքենան:
Պարեկների մոտ կասկած է առաջացնում նշված ավտոմեքենան, քանի որ վարորդը այն վարում էր, ժողովրդի լեզվով ասած՝ «ոլոր-մոլոր», և տեղում պարզում են, որ վարորդը հանդիսանում է Երևանի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Թ.-ն: Վերջինս սկսում է պարեկների «ականջներին լապշա կախել», թե իր համար իր «մուղամով» տուն է գնում, ու փորձում է պարեկներին համոզել, որպեսզի շարունակի ճանապարհը:
Վարորդը ենթարկվում է սթափության փորձաքննության, պարզվում է, որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում, որից հետո նրան տեղափոխում են ոստիկանության Արտաշատի բաժին:
Արդեն տեղում պարզվում է, որ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ 39-ամյա Հակոբ Ն.-ին, իսկ Անդրանիկ Թ.-ն այն առևանգել էր Երևանի Էրեբունու վարչական շրջանում:
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ այն ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: