Արտագաղթի ցուցանիշները 2022-ին. թվերը դրական են
Արտագաղթի թեման Հայաստանի սոցիալ-քաղաքական կյանքում ամենաքննարկվող և շահարկվող թեմաներից է։ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2022-ի ժոդովրդագրական իրավիճակի, այդ թվում՝ սահմանահատումների և միգրացիայի մնացորդի վերաբերյալ վիճակագրությունը։
Այսպես, 2022-ին Հայաստան է ժամանել 3 394 371 և Հայաստանից մեկնել է 3 355 639 անձ։ Սահմանահատումների հաշվեկշիռը դրական է՝ 38 732։
Ըստ Վիճկոմիտեի տվյալների՝ ամենաշատ սահմանահատումներն իրականացվել են Զվարթնոց օդանավակայանով։ Սակայն զգալի աճել են նաև Բագրատաշենի անցակետով սահմանահատումները։ Եթե 2021-ին այս անցակետով գրանցվել էր 217 830 մուտք, ապա 2022-ին՝ 1 078 111, այսինքն՝ 5 անգամ ավելի։
Շատերը որպես արտագաղթը պատկերող ցուցանիշ նշում են սահմանահատումների ցուցանիշը, մինչդեռ, ինչպես արդեն պարզաբանել ենք նախորդ հրապարակումներում, այդ ցուցանիշից բացի, արտագաղթն արտացոլող կարևոր ցուցանիշ է Վիճակագրական կոմիտեի կողմից հաշվարկվող միգրացիայի մնացորդի ցուցանիշը։ Վիճկոմիտեից հայտնում են, որ միգրացիայի մնացորդն է հենց արտացոլում Հայաստանում միգրացիոն գործընթացները։
2022-ին, ի տարբերություն 2021-ի, միգրացիոն մնացորդը դրական է՝ 5 900: Նշենք, որ անկախության տարիներից ի վեր Հայաստանում եզակի տարիներ է միգրացիոն մնացորդը դրական եղել։ Դրանք են՝ անկախացման տարին՝ 1991-ը (+4 400), 2020-ը (+3 400) և 2022-ը (+5 900): 2021-ին միգրացիոն մնացորդը – 4 100 է եղել։
Միգրացիոն մնացորդը հաշվարկվում է գրանցվածների և գրանցումից դուրս եկածների՝ Ոստիկանությունից ստացված տվյալների հիման վրա և ճշգրտվում մարդահամարների արդյունքների հիման վրա։ Բայց քանի որ քաղաքացիները հիմնականում բնակության վայրը փոխում են առանց Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը («ՕՎԻՌ») տեղեկացնելու, Վիճկոմիտեն 2013-ից սկսած օգտագործում է նաև տնային տնտեսությունների կենսապայմանների հետազոտության արդյունքներով ստացված միգրացիայի գնահատականները:
2022-ին փետրվարին ռուս-ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներ են ժամանել Հայաստան, նրանցից շատերն այնուհետև մեկնել են երկրից:
Աղբյուրը՝ civilnet.am: