չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Առողջապահությունը, բուհերում կրթությունը պետք է լինի անվճար. Արման Թաթոյան

Առողջապահությունը, բուհերում կրթությունը պետք է լինի անվճար. Արման Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը իր տարածքային գրասենյակն է բացել Հրազդան քաղաքում։

Նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն իր խոսքում, մասնավորապես, նշեց. «Մեր նպատակն է միավորված գործել, որպեսզի մենք կարողանանք մեր երկիրը տանել առաջ և մեր առջև ծառացած խնդիրները միահամուռ բոլորով լուծել։

Ցավոք սրտի մեր երկրում այսօր կան խնդիրներ, որոնք աճում են, օրինակ, ՄԱԿ–ի տվյալներով, Հայաստանում արդեն այսօր բնակչության 14.4%-ը 65 տարեկանից բարձր է։ 2050 թվականին 24%-ից ավելի է լինելու այդ ցուցանիշը։ Մենք պետք է այնպես անենք, որ երիտասարդները չթողնենք գնան, որ երիտասարդները իրենց ապագան տեսնեն մեր երկրում։

Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության պետական բուհերում քաղաքացիների համար կրթությունը պետք է լինի անվճար։ Մենք արել ենք մասնագիտական հաշվարկներ, դա հնարավոր է և մենք պետք է անենք դա։ Մենք համոզված ենք, որ Հայաստանում առողջապահությունը, բուժօգնությունը պետք է լինի ոչ թե ապահովագրությամբ, որ մարդը լրացուցիչ իր գրպանից էլ վճար անի, այլ պետք է լինի համընդհանուր անվճար։ Իհարկե, եթե մարդը ուզում է մասնավոր ծառայություններից օգտվել, կարող է, բայց առողջապահական ծառայությունները պետք է անվճար լինեն։

Մեր երկրում պետք է փոխվի ամբողջությամբ մարդու նկատմամբ վերաբերմունքի տրամաբանությունը։ Չափազանց կարևոր է, որպեսզի մենք տիրություն անենք մեր մարդուն։ Այո, եթե մարդը աշխատում է, հարկ է վճարում, պահում է այս երկիրը և նա ունի իրավունք պահանջելու մեր պետությունից, որ պետությունը ամեն ինչ անի նրա բարեկեցության համար»։

  • Կիսվել: