ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սպանություն Արմավիրի մարզում. հրազենային վնասվածքներով սեփական տանը հայտնաբերել են «Սովռանո» ընկերության 30-ամյա մենեջերի դին

Սպանություն Արմավիրի մարզում. հրազենային վնասվածքներով սեփական տանը հայտնաբերել են «Սովռանո» ընկերության 30-ամյա մենեջերի դին

Այսօր՝ մայիսի 10-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:40-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ: Ոստիկանները նշված տանը հայտնաբերել են նույն հասցեի բնակիչ, 30-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանի դին՝ պարանոցի մասում հրազենային վնասվածքով:

Տեղում դեպքի վայրի զննություն են կատարել Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են որսորդական հրացանից կրակված խիծ: Փաստի առթիվ Արմավիրի քննչական վարչությունում ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Արմավիր մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր «Սովռանո» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: