Արմավիրի մարզում 39-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19: 15-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 39-ամյա Սմբատ Կ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան գյուղի կենտրոնական ճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ, 25-ամյա Լիլիթ Հ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի տեսուչներ Հովհաննես Ավագյանն ու Արգիշտ Հարությունյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանն ու ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետ Նշան Հախնազարյանը:
Դեպքի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը եղել է Mercedes մակնիշի ավտոմեքենայով, ով դուրս է եկել ավտոմեքենայից որից հետո Mercedes -ով վրաերթի է ենթարկվել: