Արմավիրի մարզպետը ցավակցել է մարզում տեղի ունեցած դժբախտ դեպքերի հետևանքով զոհվածների հարազատներին
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ցավակցել է մարզում տեղի ունեցած դժբախտ դեպքերի արդյունքում զոհվածների հարազատներին, տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանից:
«Թեպետ այս օրն Արմավիրի մարզում պետք է խորհրդանշվեր կրթության ոլորտում հաճելի և սպասված իրադարձություններով, բայց, ցավոք, այն մեր հիշողության մեջ կմնա որպես դժբախտ դեպքերով առանձնացող մի օր, որը մեծ վիշտ ու տխրություն պատճառեց բոլորիս:
Դեռևս երեկոյան տեղեկացանք Արմավիրի մարզում գրանցված ալկոհոլային թունավորման դեպքերի մասին, որին էլ ժամեր անց հաջորդեց «Պռոշյան կոնյակի գործարանի» Արմավիր համայնքի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհը:
Խորը ցավով պետք է նշեմ, որ այս դժբախտ դեպքերը խլեցին տասը կյանք, իսկ ութ անձ այժմ կյանքի ու մահվան կռիվ է տալիս մայրաքաղաքի մասնագիտացված բժշկական հաստատություններում:
Արմավիրի մարզի ազգաբնակչության և իմ անունից վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում մահացածների հարազատներին ու մերձավորներին, մաղթում համբերություն և ոգու արիություն, իսկ հոսպիտալացվածներին՝ շուտափույթ ապաքինում:
Աստված պահապան բոլորիս», - նշված է մարզպետի ցավակցական ուղերձում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին։ Կա երկու զոհ, չորս վիրավոր:



