շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Արման Թաթոյանն ու Արտակ Բեգլարյանը այս պահին Եվրոպայում զբաղված են հայ գերիների խնդիրներով. Գեղամ Ստեփանյան

Արման Թաթոյանն ու Արտակ Բեգլարյանը այս պահին Եվրոպայում զբաղված են հայ գերիների խնդիրներով. Գեղամ Ստեփանյան

Առաջիկա օրերին նաև առցանց քննարկումներ եմ ունենալու Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հարցերով. դրանք նախաձեռնվում են տարբեր կազմակերպությունների կողմից, որոնք ուզում են աջակցել այս հարցը հնարավորինս լայն շրջանակներին հասցելուն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, COP29-ից առաջ հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով Հայաստանում ԱՄՆ  դեսպանության դիմաց ակցիայի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Նա հայտնեց, որ այս օրերին Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպաններ Արման Թաթոյանն ու Արտակ Բեգլարյանը գտնվում են Եվրոպայում, հայ գերիների հարցերով հանդիպումներ են ունենում։

«Կիրառվում են տարբեր գործիքներ հնարավորինս մեծ իրազեկվածություն ապահովելու, մեր պահանջը հնարավորինս մեծ շրջանակների  տեղ հասցնելու ուղղությամբ»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ այսօր  քաղաքական, հասարակական գործիչներ, Հայաստանի ու Արցախի նախկին ՄԻՊ-եր Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի, ԱԳՆ-ի, Ֆրանսիայի, ՌԴ-ի, ԱՄՆ դեսպանատների առջև բողոքի ակցիաներ իրականացրեցին՝ նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով ակցիաներ կազմակերպելու պահանջով։

Նրանք նամակներ հանձնեցին դեսպանատներին։  Ստեփանյանն ասել էր, որ դեսպանատներին ուղղված նամակներում  կան նաև Արցախի ժողովրդին հուզող այլ հարցեր,  մասնավորապես վերադարձի իրավունքը միջազգային բանակցային գործընթաց վերադարձնելու, Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ հստակ գործնական քայլեր ձեռնարկելու պահանջներ։

  • Կիսվել: