Առեւտուրը ձեռնտո՛ւ փոխադարձության սկզբունք է ենթադրում․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն»-ը գրում է․ «Աշխարհում չկան զուտ տնտեսական հարցեր՝ առանց անվտանգության բաղադրիչի, ավելին՝ առանց պետական ու ազգային շահի հեռանկարի։ Տարիներ շարունակ զանազան քաղտեխնոլոգիաներով վարժեցրած մտքի հետեւանքով ժողովրդավարության հայր համարվող ԱՄՆ-ն հաճախ է ապացուցում այդ՝ զուտ տնտեսական հարցի չգոյության միտքը, երբ ձեռքի մի շարժումով հետ է կանչում իր գործարարներին այն երկրներից, որոնց հետ տվյալ պահին ինչ-ինչ քաղաքական խնդիներ է ունենում։ Եվ ընդհանրապես, «գեոպոլիտիկա» (աշխարհաքաղաքականություն) եւ «գեոէկոնոմիկա» (աշխարհատնտեսություն) եզրույթները գործնականում այնքան են սերտաճած, որ երբեմն անհնար է հասկանալ՝ խնդիրը քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական դաշտում է։ Ավելին՝ այս երկու միախառնված եզրույթների շրջանակում որոշումները հաճախ կայացվում են՝ ելնելով բարոյական՝ ազգային կամ պետական արժանապատվության տեսանկյունից։ Մենք, սակայն, սրան չհետեւեցինք, մեր երկրի շուկաները թուրքական ապրանքից զերծ չպահեցինք։ Ընդ որում՝ զերծ չպահեցինք նաեւ 44-օրյա պատերազմից հետո։ Անկեղծ լինելու համար ասենք, այո, թուրքական ապրանքների արգելք եղել է, բայց՝ ընտրանքային։ Արգելք եղավ պատերազմի ընթացքում՝ կառավարության 2020 թ. հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշմամբ։ Արգելվեց թուրքական ծագման ապրանքների ներմուծումը 6 ամսով, դեկտեմբերի 31-ից սկսած: 6 ամսով արգելվեց, որովհետեւ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի հոդված 47-ով սահմանված դրույթի՝ ԵԱՏՄ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առեւտրում կարող են միակողմանիորեն կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված կարգով: Միաժամանակ, 7-րդ հավելվածով հաստատված՝ երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման մասին արձանագրության «Միակողմանիորեն միջոցների կիրառումը» 10-րդ բաժնի 50-րդ կետի համաձայն՝ բացառիկ դեպքերում արձանագրության 7-րդ եւ 8-րդ բաժիններով նախատեսված հիմքերով անդամ պետությունները երրորդ երկրների հետ առեւտրում կարող են միակողմանիորեն սահմանել ժամանակավոր միջոցներ: Եվ ժամանակավոր միջոցը գործում է այն սահմանելու օրվանից հետո՝ առավելագույնը 6 ամսվա ընթացքում։ Բայց ոչ մի բան չի խանգարում 6 ամսից հետո կրկին երկարաձգել արգելքը եւս 6 ամսով, եւ այդպես շարունակ։ Եվ այս՝ հոկտեմբերի 20-ի որոշմամբ արգելված ապրանքների ցանկը բազմազան էր՝ կոշիկի քսուկից սկսած մինչեւ մանկական հագուստ, ճյուղերից ու սոխուկներից մինչեւ հանքային կամ քիմիական, ազոտական պարարտանյութեր եւ այլն»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: