Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը
Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր ու հարմարավետ վայր. այստեղ դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը։ Այս մասին հայտնել է «Իմ քայլը» հիմնադրամը։
Նախաձեռնությունն իրականացվում է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում։ Հիմնական նպատակն է՝ մարզերում բնակվող տարեցների համար ստեղծել ջերմ մթնոլորտ և օգնել նրանց ակտիվորեն ներգրավվել հասարակական կյանքում։
Ավագ սերնդի առօրյան բովանդակալից դարձնելու համար կազմակերպվելու են 4 տարբեր ուղղվածության դասընթացներ` ընթերցանություն, մեդիագրագիտություն, նկարչություն և մարմնամարզություն։
Միջոցառմանը հավաքված 40-ից ավել տարեցներն արդեն կատարել են իրենց ընտրությունն ու հերթագրվել նախընտրած խմբակներում։ Թեև այս պահին ակումբի անդամները բացառապես կանայք են, նրանք վստահեցրել են, որ շուտով կոգեշնչեն ու կներգրավեն նաև իրենց ամուսիններին։



