չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Առեղծվածային դեպք Դիլիջանում. «Mobile Centre»-ում Արցախի ԱԱԾ-ի աշխատակիցը սպանել է իր քենուն, ապա ինքնասպան եղել. հայտնաբերվել են ատրճանակ, կրակված պարկուճ

Առեղծվածային դեպք Դիլիջանում. «Mobile Centre»-ում Արցախի ԱԱԾ-ի աշխատակիցը սպանել է իր քենուն, ապա ինքնասպան եղել. հայտնաբերվել են ատրճանակ, կրակված պարկուճ

Այսօր՝ ապրիլի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի 48/5 հասցում կրակոցներ են հնչել և կան տուժած քաղաքացիներ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանը, ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Գուրգեն Խաչատրյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վլադ Բազունցը:

Հաշվի առնելով հանցագործության վտագավորության աստիճանը  ժամանել է նաև Տավուշի մարզի դատախազ Գոռ Ալոյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, դասակի հրամանատար Արմինե Ալիխանյանի գլխավորությամբ:  

Դեպքի վայրը, որը բջջային «Mobile Centre» հեռախոսների և աքսեսուարների խանութն է, պարեկները սահմանազատել են:  

Ոստիկանները ներսում հայտնաբերել են տղամարդու դի, կողքին էլ՝ «Մակարով» տեսակի ատրճանակ:

Մինչ տեղում աշխատում էին ոստիկանները, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Դիլիջանի բաժին, որ շտապօգնությունը գլխի մասում հրազենային վնասվածքով, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի կին:  

Դեպքի մասին ոստիկանության Դիլիջանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Արամ Հարությունյանի, Դիլիջանի քննչական բաժնի պետ Արգամ Ռաֆայելյանի գլխավորությամբ:  

Դեպքի փաստով մարզային քննչական վարչության պետի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գուրգեն Ավետիսյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև Հյուսիսային բաժնի փորձաքրեագետները՝ բաժնի պետ Արմեն Ամիրաղյանի գլխավորությամբ: Այս պահին գլխավոր փորձաքրեագետ Դավիթ Նալբանդյանն ու ավագ փորձաքրեագետ Լևոն Կրիտյանը քննիչների հետ դեպքի վայրի զննություն են կատարում:

Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում «սպանություն» և «ինքնասպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Մահացած կինը «Յունիբանկ»-ի աշխատակից էր, ով այդ պահին գտնվում էր «Mobile Centre»-ում և նա երբ ներսում է եղել, նրա քրոջ ամուսինը, ով Արցախի Հանրապետության քաղաքացի է և Արցախի ԱԱԾ-ի աշխատակից է եղել, մոտեցել է նրան, ու մեղադրել իր ընտանիքը քանդելու մեջ, ապա իր մոտ եղած «Մակարով» տեսակի ատրճանակով կրակել է նրա գլխին, որից հետո ինքնասպան է եղել»:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած վիճակում հիվանդանոց տեղափոխվածը Տավուշի մարզում հաշվառված, 37-ամյա Մերի Ա.-ն է, իսկ նրան սպանած և ինքնասպան եղած տղամարդը Արցախի Հանրապետության քաղաքացի, 33-ամյա Խաչիկ Ա.-ն է:

  • Կիսվել: