հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախցի մի խումբ երեխաներ բժշկական վերականգնողական ծառայություններ կստանան Սլովենիայի Կարմիր Խաչի Առողջության և երիտասարդության հանգստավայրում

Արցախցի մի խումբ երեխաներ բժշկական վերականգնողական ծառայություններ կստանան Սլովենիայի Կարմիր Խաչի Առողջության և երիտասարդության հանգստավայրում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նախարարությունում ընդունել են արցախյան պատերազմից տուժած արցախցի մի խումբ երեխաների, որոնց հնարավորություն է տրվել բժշկական վերականգնողական ծառայություններ ստանալ Սլովենիայի Կարմիր Խաչի Առողջության և երիտասարդության հանգստավայրում՝ Դեբելի Ռտիչում։ Տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանից։

Սլովենիայի Հանրապետության կողմից իրականացվող՝ «Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած երեխաների հոգեբանական-սոցիալական վերականգնում» ծրագրում ընդգրկված երեխաները կստանան տարբեր թերապիաներ, ներառյալ՝ հիդրոթերապիա, շնչառական ֆիզիոթերապիա, դիմադրողականությունն ամրապնդող վարժություններ, կմասնակցեն կրթական և սոցիալական միջոցառումների:

 

Երեխաների հետ զրույցի ընթացքում նախարարն ու մարզպետը խոսել են վերջիններիս նախասիրությունների, հետաքրքրությունների և ծրագրի շրջանակում ակնկալիքների մասին։

Ծրագիրն իրականացվում է «Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած երեխաների հոգեբանական-սոցիալական վերականգնում» ծրագրի շրջանակում՝ ԵԱՀԿ-ում Ավստրիայի մշտական ներկայացուցչության համաֆինանսավորմամբ։

  • Կիսվել: