երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արարատի մարզում մեքենա վարելու իրավունք չունեցող վարորդը «Mitsubishi»-ով բախվել է «Opel»-ի, ապա վրաերթի ենթարկել 10-ամյա երեխաների․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

Արարատի մարզում մեքենա վարելու իրավունք չունեցող վարորդը «Mitsubishi»-ով բախվել է «Opel»-ի, ապա վրաերթի ենթարկել 10-ամյա երեխաների․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

Այսօր՝ ապրիլի 2-ին վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Անի Սիմոնյանը իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Ավշար գյուղում, Խորենացի փողոցում, բախվել է աջակողմյան հատվածում կայանված, Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Արամիկ Զաքարյանին պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենային ապա վրաերթի ենթարկել Արարատի մարզի բնակիչներ 10-ամյա Հռիփսիմե Մ․-ին և 10-ամյա Անի Ա․-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև «Mitsubishi»-ին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտուց, բախվել է բազալտե եզրաքարին և մասամբ հայտնվել մայթին։

Վրաերթի ենթարկված երեխաներից մեկը ծայրահեղ ծանր, մեկը միջին ծանրության ախտորոշմամբ տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել «Արարատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր երեխաներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա «Արարատ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վահե Միքայելյանն ու Գարիկ Մարգարյանը։

Դեպքի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի գլխավորությամբ։ 

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով «Mitsubishi»-ի վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել, ում ձերբակալել, տեղափոխել են ոստիկանության Արարատի բաժին։

Նա ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, որ վրաերթի ենթարկված երեխաները սովորում են Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանում և դասից վերադառնում էին տուն:

  • Կիսվել: