կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Առաջին հղիության դեպքում ամուսինները նախապատվությունը տալիս են տղաներին. իրականացվել է պտղի սեռի խտրական ընտրության հետազոտություն

Առաջին հղիության դեպքում ամուսինները նախապատվությունը տալիս են տղաներին. իրականացվել է պտղի սեռի խտրական ընտրության հետազոտություն

Առաջին հղիության դեպքում ամուսինները նախապատվությունը շարունակում են  տալ տղաներին: Խնդիրը սուր է  մարզերում, հատկապես՝ գյուղական բնակավայրերում: Սա են  վկայում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՕքսԵՋեն հիմնադրամի և «Բրեվիս» հետազոտական ընկերության ներկայացուցիչների կողմից իրականացրած պտղի սեռի խտրական ընտրության հետազոտության արդյունքները:

Նոյեմբերի 14-ին Գյումրու «Ասլամազյան քույրերի պատկերասրահում» տեղի ունեցավ համաժողով, որի ընթացքում ներկայացվեցին Հայաստանի Հանրապետությունում պտղի սեռի խտրական ընտրության հետազոտության արդյունքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», հետազոտությունն իրականացվել է «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և հարավ-հարավ նախաձեռնություններին» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից՝ ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից: Հետազոտությունն իրականացրել է Բրեվիսը:

«Հայաստանի Հանրապետությունում պտղի սեռի խտրական ընտրության հետազոտությունն իրականացվել է 2022 թվականի հունիս ամսին՝ նպատակ ունենալով պարզել Հայաստանում 18-49 տարեկան՝ երբևէ հղիություն ունեցած կանանց, նրանց ընտանիքի անդամների մոտեցումները և տրամադրվածությունները երեխայի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին։ Հետազոտությունը խնդիր ուներ գնահատելու Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները, ինչպես նաև այս ասպարեզում փոփոխությունները և միտումները վերջին 5 տարվա ընթացքում՝ անցկացնելով համեմատական վերլուծություն 2017 թ.-ին իրականացված հետազոտության հետ»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ծրագրի համակարգող Զարուհի Տոնոյանը:

Հետազոտությունն իրականացվել է քանակական և որակական մեթոդների համադրությամբ՝ կիրառելով տվյալների հավաքման 3 մեթոդ՝ փաստաթղթերի վերլուծություն, հեռախոսային հարցազրույցներ 1920 կանանց հետ և ֆոկուս խմբային քննարկումներ՝ ոլորտում ներգրավված որոշում կայացնողների, բուժաշխատողների, փորձագետների և ամուսնացած կանանց ու տղամարդկանց մասնակցությամբ։ Համեմատական վերլուծությունը հնարավոր դարձնելու համար կիրառվել է 2017 թ. հետազոտության մեթոդաբանությունը և ընտրանքի անդամների քանակը։

 

Ընդհանուր առմամբ, բոլոր մարզերում հավասար նախապատվություն տվողների տեսակարար կշիռը 2017 թ.-ի համեմատ նվազել է, ավելացել են տղա կամ աղջիկ նախընտրողների բաժինները: Ընտանիքում տղաներին նախապատվություն տալիս է հարցվածների 18%-ը, իսկ աղջիկներին՝ 11%-ը, այն դեպքում, երբ 2017-ին տղաների նախապատվությունը 13% էր, իսկ աղջիկներինը՝ 5%:

Համաձայն 2022 թ. հարցման արդյունքների՝ իրենց ընտանիքում երկու սեռին էլ հավասար վերաբերելու մասին պնդում է արել հարցվածների 70%-ը: Մինչդեռ հարցվածների ավելի փոքր մասը՝ 36%-ն է կարծում, որ իրենց շրջապատում հավասար նախապատվություն են տալիս երկու սեռին էլ։ 

Հավասար նախապատվության ամենացածր ցուցանիշը Գեղարքունիքում է՝ 60%: 2017 թ. հետազոտության արդյունքներով այս ցուցանիշը 75% էր։ Ամենալավ ցուցանիշը Կոտայքինն է՝ 77%:

Հավասար նախապատվության ցուցանիշներն ուղիղ համեմատական են հարցվածների կրթական աստիճանին և եկամուտներին. երկու սեռի երեխային էլ հավասար վերաբերվողների 75%-ը բարձրագույն և հետբուհական կրթություն ունի, դարձյալ 75%-ը՝ ավելի բարձր եկամուտ։ 

Հետազոտությունը ցույց է տվել, որ աղջիկների կամ տղաների նախապատվության ցուցանիշներն, ըստ մարզերի դիտարկելու դեպքում, պարզ է դառնում, որ տղաներին ամենաշատը նախապատվություն են տալիս Գեղարքունիքի մարզում (այս մարզից հարցման մասնակիցների 33%-ը)։ Տավուշը միակ մարզն է, որտեղ աղջիկներին ընտանիքում նախապատվություն տվողների տեսակարար կշիռը ավելի մեծ է (17%)։ Ընդ որում, Տավուշի մարզում աղջիկների նախապատվությունը 2022 թ. աճել է՝ 2017 թ.-ի տվյալների համեմատ։ Երևանում այդ ցուցանիշները հավասար են։

Առաջին հղիության ժամանակ երեխայի սեռի նախապատվության ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ ընդհանուր առմամբ, տղա երեխաների նախապատվությունը շարունակում է գերակշռող լինել աղջիկ երեխաների նկատմամբ, թեպետ առաջին հղիության ժամանակ աղջիկ երեխա ցանկացողների տեսակարար կշիռն աճել է 2017 թ. համեմատ թե՛ կանանց, թե՛ ամուսնու/զուգընկերոջ դեպքում (10-11%)։

Առաջին երեխայի սեռի նախապատվության վերլուծությունն, ըստ բնակավայրի տիպի, ցույց է տալիս, որ գյուղական համայնքներում 2017-ի համեմատ աղջիկների նախապատվությունը աճել է 7%-ով, նույնքանով էլ նվազել տղաների նախապատվությունը, սակայն տղաներին նախապատվություն տվողների թիվը դեռևս ավելի մեծ է։

Մինչդեռ, մարզերի քաղաքային բնակավայրերում աղջիկների նախապատվությունը ոչ միայն աճել է, այլև գերազանցում է տղաններին նախապատվություն տվողների թվին։ Արդյունքներն ըստ մարզերի դիտարկելու դեպքում պարզ է դառնում, որ առաջին հղիության դեպքում բոլոր մարզերում հարցվածների ամուսիններն ամենաշատն են նախապատվություն տալիս տղաներին։ Հետաքրքրական է նաև, որ Լոռիում, Սյունիքում, Տավուշում, Վայոց Ձորում և Երևանում կանայք ավելի շատ նախապատվություն են տալիս աղջիկ երեխաներին։

 Ինչ վերաբերում է «տարբերություն չկա» պատասխանին, ապա այդ տարբերակն ընտրած հարցվողների տեսակարար կշիռն ավելի մեծ է Տավուշում և Վայոց Ձորում՝ այլ մարզերի համեմատ։

«Այս կամ այն սեռին նախապատվության պատճառների անդրադառնալիս հարցվածների 91%-ը նշել է, որ ընտանիքում որդիներին նախապատվություն տալիս են, քանի որ «տոհմը շարունակում են որդիները»։ 83%-ը նշել է, որ «տղաները հայրենիքի պաշտպանն են», 67%-ը՝ «որդիները ունեցվածքի ժառանգորդներ են», 59%-ը նշել է այն մասին, որ «ծնողին ցավ է պատճառում տեսնել դստեր դժվարությունները»։ «Ամուսնանալուց հետո դուստրն այլևս քոնը չէ» տարբերակը նշած հարցվածների 75%-ը (112 հարցված) նշել է, որ «ծնողին ցավ է պատճառում տեսնել դստեր դժվարությունները», իսկ 69%-ը (102 հարցված)՝ որ «դստերն ամուսնացնելը հոգեբանորեն դժվար է»։  Այն հարցվածները, որոնց ընտանիքում նախապատվությունը տալիս են աղջիկ երեխաներին, 67% դեպքերում նշել են, որ «դուստրը միշտ պատրաստ է օգնել ծնողներին», 10% դեպքերում` որ «ընտանիքում աղջիկները քիչ են», իսկ 5% դեպքերում` որ «ընտանիքում աղջիկների հանդեպ սերը մեծ է» »,-ներկայացնելով հետազոտությունը նշեց ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը:

 

«Հետազոտության արդյունքների հիման վրա մշակվել է քաղաքականության երկու համառոտագիր՝ Կրթության և առողջապահության համակարգերի դերը Հայաստանում պտղի սեռի խտրական ընտրության կանխարգելման մեջ և

Մարզային և տեղական իշխանությունների դերը Հայաստանում պտղի սեռի խտրական ընտրության կանխարգելման և գործողությունների ազգային ծրագրի տեղայնացման մեջ»-իր խոսքում նշեց ՕքսԵՋեն հիմնադրամի ծրագրերի ղեկավար Կարեն Այվազյանը:

  • Կիսվել: