չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Առաջացել է քարերի տեղաշարժման և քարաթափման վտանգ. ինչպես է ընթանալու Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգումը

Առաջացել է քարերի տեղաշարժման և քարաթափման վտանգ. ինչպես է ընթանալու Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգումը

Հոկտեմբերի 3-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ճարտարապետ Սաշուր Քալաշյանը մամուլի ասուլիսի շրջանակում լրագրողներին ներկայացրել են առաջիկա օրերին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում մեկնարկող հիմնանորոգման աշխատանքների մանրամասները:

ՀՑԹԻ տնօրենն իր խոսքում նշել է, որ ինչպես Հուշահամալիրի կառուցման, այնպես էլ վերանորոգման ժամանակ անտեսվել է ջրահեռացման խնդիրը, դրենաժային համակարգ չի անցկացվել: Սրա հետևանքով տասնամյակներ շարունակ անձրևաջրերը ներթափանցել են թեք մույթերի մեջ և քայքայել դրանք՝ առաջացնելով քարերի տեղաշարժման և քարաթափման վտանգ: Միաժամանակ նշվել է, որ ջրահեռացման խնդիրներ կան նաև թանգարան-ինստիտուտի շենքում:

Հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները կընթանան երկու հիմնական փուլով. Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և հարակից տարածքի հիմնանորոգումը նախատեսվում է սկսել առաջիկա օրերին և ավարտել մինչև Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը:

Հիմնանորոգման նախագծում ներառված է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի բարելավումը` ներառյալ ջրամբարի և պոմպակայանի կառուցումը, ինչը կապահովի կաթիլային համակարգի գործարկումը:

Երկրորդ փուլով կընթանան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (այդ թվում՝ վարչական մասնաշենքի) հիմնանորոգման աշխատանքները, որոնք կսկսվեն 2025 թ. կեսից:

«ԿԳՄՍՆ-ի հայտարարած բաց մրցույթում հաղթող է ճանաչվել միակ մասնակից ԲԻԴԵՔ ՍՊԸ-ն: ՀՑԹԻ հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընդհանուր գումարը կազմում է 743 034 625 ՀՀ դրամ։ Շինարարական որակի տեխնիկական հսկողությունն իրականացնելու է Սեյսմշին ՍՊԸ-ն, հեղինակային հսկողությունը՝ Հայնախագիծ ԲԲԸ-ն:

Հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը Սաշուր Քալաշյանն է, որը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի ճարտարապետներից մեկն է»,- ասված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: