երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արագածոտնի մարզում Volkswagen-ը կողաշրջվել է. հղի կնոջը տեղում օգնություն են ցուցաբերել ամուսինը, պարեկներն ու շտապօգնության բժիշկները

Արագածոտնի մարզում Volkswagen-ը կողաշրջվել է. հղի կնոջը տեղում օգնություն են ցուցաբերել ամուսինը, պարեկներն ու շտապօգնության բժիշկները

Այսօր՝ հունվարի 6-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 32-ամյա Գարիկ Կարապետյանն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի Մ 1 ավտոճանապարհի 83 կմ հատվածում մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, դասակի հրամանատար Հարություն Պողոսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Զաքարյանն ու պարեկ Արմեն Հարությունյանը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է մերկասառույցը ու եթե ժամանակին ճանապարհը սպասարկող ճանշինը կատարեր մաքրման աշխատանքներ, վթարը տեղի չէր ունենա։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հիվանդանոց տեղափոխվածը վարորդի կինն է, ով հղի է և նրան տեղում օգնություն են ցուցաբերել ամուսինը, պարեկները և օպերատիվորեն ժամանած «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա բժշկական հետազոտման նպատակով տեղափոխել «Թալին» բժշկական կենտրոն։

  • Կիսվել: