ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արագածոտնի մարզում վարորդը Hyundai Sonata-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

Արագածոտնի մարզում վարորդը Hyundai Sonata-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

Այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:   Ժամը 14:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Վարդան Հ.-ն՝ իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել մի քանի բետոնե արգելապատնեշների և գլխիվայր շրջվել:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վարդան Հ.-ն, ուղևորներ, Երևանի բնակիչներ, 81-ամյա Ռազմիկ Ա.-ն, 56-ամյա Մարինե Ա.-ն և 36-ամյա Կարեն Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:   Վիրավորներին առաջինը օգնության են հասել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի պարեկային գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկ Հենրիկ Մաթևոսյանն ու կրտսեր պարեկ Արթուր Մկրտչյանը:  

Օպերատիվ են գործել նաև Թալինի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:   Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:  

Վիրավորներն այնուհետև տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:   Վարորդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:   Շիրակի մարզի պարեկները, քանի որ պարզել են, որ վթարը տեղի է ունեցել Արագածոտնի մարզի վարչական տարածքում, Շիրակի մարզի պարեկային ծառայության գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի սպայական դասակ, որտեղից ժամանել են տեսուչներ Արման Մակվենցյանն ու Սարգիս Շահնազարյանը:  

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Նասոյանի գլխավորությամբ:   Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդգար Հարությունյանի գլխավորությամբ:  

Վթարի փաստով Է. Հարությունյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:   Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան, որը վերամբարձ կռունկով դարձի բերեցին նշված ճանապարհահատվածում շինարարական աշխատանքներ կատարող չինական ընկերության ներկայացուցիչները, տեղափոխվեց ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք:   

  • Կիսվել: