հինգշաբթի, ապրիլ 10
10 / 4 / 2025
Արագածի ձնածածկույթը կազմել է 168 սմ, ինչը 40-50 սմ-ով ցածր է անցյալ տարվա ցուցանիշից. Ազիզյան

Արագածի ձնածածկույթը կազմել է 168 սմ, ինչը 40-50 սմ-ով ցածր է անցյալ տարվա ցուցանիշից. Ազիզյան

Աշնանային հիդրոօդերեւութաբանական պայմանները 2025 թվականի գարնանային վարարումների հոսքի ձևավորման վրա կունենան դրական ազդեցություն, քանի որ սեպտեմբեր-հոկտեմբերին տեղումները եղել են նորմայից բարձր, միայն նոյեմբերին է, որ տեղումները եղել են նորմայից ցածր։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրեն Լևոն Ազիզյանը:

«Ձմեռային ժամանակաշրջանում դիտված հիդրոօդերեւութաբանական պայմանները 2025 թվականի գարնանային վարվումների հոսքի ձևավորման վրա կունենան բացասական ազդեցություն, քանի որ համաձայն դիտարկումների տվյալների 2024-2025 թվականի ձմռան տեղումների միջին քանակը Հայաստանում կազմել է 55 միլիմետր, որը նորմայի ընդամենը 49%-ն է և 2024-2025 թվականի ձմեռը դարձել է ամենաչորը մեր հիդրոօդերեւթաբանական դիտարկումների պատմության ընթացքում՝ սկսած 1935 թվականից։

Ձմռան երեք ամիսներին էլ չորային են եղել, հատկապես չորային է եղել հունվարը, երբ ամսական տեղումները կազմել են նորմայի ընդամենը 18%-ը: Այն երկրորդ չոր հունվարն էր հիդրոթեթաբանական դիտարկումների պատմության ընթացքում՝ 1999 թվականից հետո։

Դեկտեմբերին և փետրվարին ամսական տեղումների քանակը կազմել է նորմայի համապատասխանաբար 45%-ը և 79%-ը: Մի շարք կայաններում 30-ից 40 օր անընդմեջ ընդհանրապես տեղումներ չեն գրանցվել»,-ասաց նա:

Ազիզյանի խոսքով, 2025 թվականի մարտի 25-ի դրությամբ հանրապետությունում ձնածածկույտ առկա է եղել միայն 1800 մետրից բարձր շրջաններում: «Արագածի բարձր լեռնային կայանում, որը գտնվում է 3229 մետր բարձության վրա, ձնածածկույթը կազմել է 168 սմ, ինչը 40-50 սմ-ով ցածր է անցյալ տարվա ցուցանիշից և կազմում է նորմայի 76%-ը»:

  • Կիսվել: