հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արաբկիրի ոստիկանները «Հրազդան» կիրճում հայտնաբերել են ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ հեծանվով վրաերթի փորձ կատարողին

Արաբկիրի ոստիկանները «Հրազդան» կիրճում հայտնաբերել են ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ հեծանվով վրաերթի փորձ կատարողին

երեկ՝ մայիսի 12-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության Արաբկիրի բաժին է բերման ենթարկվել Արմավիրի մարզի բնակիչ՝ 40-ամյա Արթուր Ա-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մայիսի 11-ին Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ Սահմանադրական դատարանի դիմաց, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ հեծանվով վրաերթի փորձ կատարելու, նրա հասցեին սպառնալիքներ և հայհոյանքներ հնչեցնելու մեջ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արթուր Ա-ն հայտնաբերվել է «Հրազդան» կիրճում, որից հետո բերման ենթարկվելով ոստիկանության Արաբկիրի բաժին՝ ՀՀ քր. օր-ի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով որպես կասածյալ ձերբակալվել է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր էին նախապատրաստվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու փաստով։

Մայիսի 11-ին ոստիկանության Կենտրոնական բաժին էր դիմել Երևանի բնակիչ` 45-ամյա Նիկոլայ Բաղդասարյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 17։00-ից մինչև 17։15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հեծանվով մեծ արագությամբ ընթացել էր դեպի իր ուղղությամբ, փորձել վրաերթի ենթարկել իրեն, ապա իր հասցեին հնչեցրել էր սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, Ն. Բաղդասարյանը ոստիկաններին հայտնել էր, որ այդ ամենը կապված էր իր աշխատանքային գործունեության հետ, և դեպքը տեղի էր ունեցել Սահմանադրական դատարանի դիմաց։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել էին ոստիկանության Արաբկիրի բաժին։ Ոստիկանությունը ձեռնարկում էր անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ն. Բաղդասարյանի մատնանշած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերլու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: