հինգշաբթի, ապրիլ 10
10 / 4 / 2025
Ապրիլին Երևանում օդի առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել +28-ից մինչև +30 աստիճանի. Սուրենյան

Ապրիլին Երևանում օդի առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել +28-ից մինչև +30 աստիճանի. Սուրենյան

Մարտը, ինչպես և կանխատեսվել էր, հանրապետության ողջ տարածքում եղել է բավականին տաք, ամսական միջին ջերմաստիճանը կլիմական նորմայից բարձր է եղել 2-4 աստիճանով: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Տեղումների քանակը բաշխվել է խիստ անհավասարաչափ, եթե հանրապետության հարավային մարզերում, հատկապես Սյունիքում, այն հիմնականում կազմել է կլիմական նորմայի 5-20%-ը, ապա կենտրոնական շրջաններում այն եղել է կլիմական նորմայի մոտ, իսկ հյուսիսային առանձին շրջաններում նույնիսկ նորմայից ավել։

Հիմնականում մարտին մեր երկրում գերակշռել են հարավային տաք օդային հոսանքները, բացառություն է կազմում մարտի 20-22 ընկած ժամանակահատվածը, երբ Սիբիրից ցուրտ օդի ներհոսքով պայմանավորված, հատկապես հանրապետության հյուսիսային երկու մարզերում՝ Լոռիում, Տավուշում դիտվեցին ձյանառատ տեղումներ, ձևավորվեց ձնածածկույթ, Լոռիում մինչև 30 սմ բարձրությամբ»,-ասաց նա:

Անդրադառնալով ապրիլի վերաբերյալ կանխատեսումներին, Սուրենյանն ասաց. «Այս տարվա ապրիլին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր՝ 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայի սահմաններում: Այսինքը մեզ սպասվում է տաք և բավարարա տեղումներով ապրիլ:

Հիմնականում, ապրիլին գերակշռելու են արևադարձային լայնություններից ներթափանցող պրոցեսները, բայց չի բացառվում, որ հատկապես ամսվա վերջին օրերին ունենանք արկտիկական ցուրտ հոսանքների ներխուժում»:

Նրա խոսքով, քանի որ ապրիլին տեղումների քանակի նորմաները բավականին բարձր են և տեղումների քանակը կանխատեսում է նորմայի սահմաններում, նշանակում է, որ ապրիլին կունենանք բավականաչափ տեղումներ:

Այնուհետեւ Սուրենյանը ներկայացրեց ապրիլին ակնկալվող ամենաբարձր ու ամենացածր ջերմաստիճանները. «Արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման ժամանակ, ցերեկային ժամերին Շիրակում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +21+23 աստիճան, Լոռիում՝ մինչև +21+25 աստիպան, Տավուշում՝ +29+31 աստիճան:

Արարատյան դաշտավայրում ցերեկված ժամերին առավելագույն ջերմաստիճանները կտատանվեն +26+30 աստիճանի սահմաններում, նույնը նաև Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում +28+32 աստիճան, իսկ Սյունիքի նախալեռնային հատվածներում +21+26 աստիճանի սահմաններում։

 

Երևանում ամսվա ընթացքում օդի առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել մինչև +28+30 աստիճանի:

Արկտիկական ցուրտ օդային հոսանքների դեպքում գիշերային ժամերին Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի« Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքի և Սյունիքի լեռնային շրջաններում գիշերային ժամերին հնարավոր է ջերմաստիճանի անկում մինչև -6-10 աստիճան, Լոռիում մինչև -2-5 աստիճան, Տավուշում 0-2 աստիճան։ Արարատյան դաշտում, ի ուրախություն մեզ, բացասական ջերմաստիճաններ չեն կանխատեսվում և նվազագույն ջերմաստիճան սպասվում է ընդամենը 0-+3 աստիճան, Սյունիքի հովտային գոտում սպասվում է +2+5 աստիճան, իսկ Սյունիքի նախալեռնային հատվածներում -2-5:

Եվ Երևանում նվազագույնը ջերմաստիճանը կլինի 0+2 աստիճան»,-հայտնեց Սուրենյանը։

  • Կիսվել: