հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անշարժ գույք շուկայում գործարքները սկսել են նվազել. 2022-ի 4-րդ եռամսյակում անկումը կազմել է շուրջ 6 տոկոս

Անշարժ գույք շուկայում գործարքները սկսել են նվազել. 2022-ի 4-րդ եռամսյակում անկումը կազմել է շուրջ 6 տոկոս

Հայաստանում անշարժ գույքի շուկայում 2022-ի ընթացքում կատարվել է 258 500 գործարք, ինչը 2021 թվականի համեմատ ավել է 2,4 տոկոսով: 2021-ին գրանցվել էր 252 260 գործարք: Այս մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեից:

Հատկանշական է, որ եթե 2022-ի առաջին երկու եռամսյակներում գործարքների թիվն աճել է 5-6 տոկոսով, ապա երրորդ եռամսյակում աճը կազմել է 2,7 տոկոս, իսկ չորրորդ եռամսյակում արդեն գրանցվել է շուրջ 6 տոկոսանոց անկում: Օրինակ, հոկտեմբերին նվազում է եղել 5,5 տոկոս, նոյեմբերի ՝ 5,4 տոկոս, իսկ դեկտեմբերին արդեն անկումը կազմել է 6,5 տոկոս:

2022-ի դեկտեմբերին կատարվել է 20313 գործարք, ինչը 2021 թվականի դեկտեմբերի համեմատ քիչ է 6,5 տոկոսով: Երեւանում դեկտեմբերին գործարքների թիվը նվազել է 11,2 տոկոսով, Արագածոտնում՝ 10 տոկոսով, Արարատում՝ 26,1 տոկոսով, Գեղարունիքում՝ 21,3 տոկոսով, Արմավիրում ու Կոտայքում՝ 12,5 տոկոով, Սյունիքում՝ 18,1 տոկոսով:

Դեկտեմբերին անշարժ գույքի գործարքների 29,6 տոկոսը գրանցվել է Երեւանում, երկրորդ տեղում Կոտայքի մարզն է՝ 17,8 տոկոս: Երրորդ տեղում Արմավիրի մարզն է՝ 9,7 տոկոս, ապա գալիս է Արարատի մարզը՝ 7,8 տոկոսով: 5-րդ տեղում Գեղարքունիքի մարզն է, որտեղ գրանցվել են անշարժ գույքի ընդհանուր գործարքների 6,5 տոկոս, 6-րդը Լոռին է՝ 6,2 տոկոսով, ապա գալիս է Արագածոտնի մարզը (6 տոկոս), Շիրակի մարզը (5,7 տոկոս):

Վերջին եռյակում են Տավուշը (4,4 տոկոս), Սյունիքը (4,3 տոկոս) եւ Վայոց Ձորը (2 տոկոս) :

  • Կիսվել: