չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Անպտղության մակարդակը Հայաստանում շարունակում է մնալ բարձր և գրեթե հավասար է սահմանված 15% ճգնաժամային մակարդակին

Անպտղության մակարդակը Հայաստանում շարունակում է մնալ բարձր և գրեթե հավասար է սահմանված 15% ճգնաժամային մակարդակին

Ծնելիության վրա ազդող առողջապահական գործոններում առաջնահերթ նշանակություն ունի անպտղությունը, որի հաղթահարմանն ուղղված ռազմավարությունների համար անհրաժեշտ են անպտղության տարածվածության և պատճառագիտության վերաբերյալ փաստահեն տվյալներ: Այս մասին հոդված է հրապարակել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Հերացի» վերլուծականը շարունակում է ժողովրդագրական վիճակի և վերջինի վրա ազդող գործոնների ուսումնասիրությունը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անպտղությունը սահմանում է, որպես տղամարդու կամ կնոջ վերարտադրողական համակարգի հիվանդություն, որը բնութագրվում է 12 ամիս և ավելի կանոնավոր անպաշտպան սեռական հարաբերությունից հետո հղիության ձախողմամբ:

Անպտղությունը, ցավոք տարածված հիմնախնդիր է: Գնահատված է, որ ամբողջ աշխարհում 48 միլիոն զույգեր և 186 միլիոն անհատներ ապրում են վերոնշյալ խնդրով:

Տղամարդկանց և կանանց մոտ անպտղությունը կարող է առաջանալ մի շարք տարաբնույթ գործոնների պատճառով։ Մասնավորապես, կանանց շրջանում տարածված պատճառներից են.

փողերի հիվանդություններ, օրինակ՝ առաջացած վտանգավոր աբորտների հետևանքով,
արգանդի հիվանդություններ, այդ թվում բորբոքային (օրինակ՝ էնդոմետրիոզ),
ձվարանների հիվանդություններ, օրինակ՝ պոլիկիստոզային համախտանիշը,
ներզատական համակարգի խանգարումները, որոնք առաջացնում են վերարտադրողական հորմոնների դիսբալանս և այլն:
Տղամարդկանց վերարտադրողական համակարգի խնդիրները կարող են պայմանավորված լինել.

վերարտադրողական օրգանների օբստրուկցիաներ,
հորմոնալ խանգարումներ,
սերմնահեղուկի արտադրության խնդիրներ, օրինակ՝ վարիկոցելեի պատճառով և այլն:
Հարկ է նշել, որ բնակլիմայական և կենսակերպի գործոնները, ինչպիսիք են ծխելը, ալկոհոլի չարաշահումը և ավելցուկային քաշը, ևս կարող են ազդել ռեպրոդուկտիվ ֆունկցիայի վրա:

 

Հայաստանում անպտղության խնդրի հետազոտություններ կատարվել են 1989-1990թթ., 1997-1998թթ., և 2009թ.:

Վերջինի արդյունքները վերանայվել և հրապարակվել են 2014թ.: Համաձայն վերոնշյալ հետազոտության տվյալների անպտղությունը կանանց շրջանում կազմել է 16,8%, որից առաջնայինը՝ 5,4%, երկրորդայինը` 11,4%, իսկ տղամարդկանց շրջանում՝ 5,1%-ը անամնեզում նշել է ամլություն, որոնցից առաջնային՝ 2.3%, երկրորդային՝ 2,8%:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպության կողմից 2020-2021թ. իրականացված հետազոտության տվյալներով վերարտադրողական տարիքի միասին ապրող զույգերի շրջանում անպտղության տարածվածությունը կազմում է 16,8%, այդ թվում առաջնայինը՝ 1,7%, իսկ երկրորդայինը՝ 15,1%: Կին հարցվածների շրջանում անպտղությունը կազմել է 14,3%, որից առաջնայինը՝ 1,3% է, իսկ երկրորդայինը՝ 13%:

Այսպիսով, առկա տվյալները վկայում են, որ անպտղության մակարդակը Հայաստանում թեև որոշակի նվազել է, այնուամենայնիվ շարունակում է մնալ բարձր և գրեթե հավասար է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված 15% ճգնաժամային մակարդակին, որի դեպքում անպտղությունը դիտվում է որպես երկրի ժողովրդագրության վրա ազդող լուրջ գործոն և սոցիալ-բժշկական խնդրից վերածվում է համապետական, անգամ ազգային անվտանգության հիմնախնդրի:

  • Կիսվել: