կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Անձնավորված որակումներ չեն կարող լինել. Վաղարշակ Հակոբյանը՝ Արփի Դավոյանին ուղղված մեղադրանքների մասին

Անձնավորված որակումներ չեն կարող լինել. Վաղարշակ Հակոբյանը՝ Արփի Դավոյանին ուղղված մեղադրանքների մասին

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի նկատառմամբ՝ ՔՊ-ը ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան ժողովրդավար է և աշխատում է թափանցիկ:

«Հրապարակվեց արդյունք, որի հետ մեր որոշ գործընկերներ համամիտ չէին: Տեղի ունեցավ վերահաշվարկ, եղան ճշտումներ, և դրանց արդյունքում հրապարկվեց վարչության նոր կազմը: Ես այստեղ արտառոց ոչինչ չեմ տեսնում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Վերջինիս խոսքով՝ ինչպես բոլոր ընտրություններում, այդպես էլ այս դեպքում առաջնորդվել են օրենքով, և վերահաշվարկն ու արդարության վերհանումը ցույց են տալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բնույթը. «ՔՊ-ը միակ կուսակցությունն է, որն իր ընտրություններն անցկացնում է այսպիսի բաց և թափանցիկ կերպով, ինչու չէ, նաև՝ ընդունում վրիպումները»:

Դիտարկմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ էր համագումարին ԶԼՄ-ների մուտքն արգելված, նախորդ ընտրություններին այդպես չէր, Հակոբյանը նկատում է՝ ընտրությունների ամբողջ ընթացքն ուղիղ եթերով հեռարձակվել է:

«Օնլայն հարթակում հասանելի է եղել նիստը: Իսկ թե ինչո՞ւ է որոշվել այս անգամ ԶԼՄ-ների մուտքն արգելել, չեմ կարող ասել. ես կազմակերպչական հարցերով չեմ զբաղվել»,- ընդգծում է նա:

Անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, ըստ որոնց՝ վերահաշվարկի ու սխալ տվյալներ հրապարակելու «մեղավորությունը» «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանինն է, հետևաբար կուսակցությունը նրան է մեղադրում, այսպես ասած, այս իրավիճակի համար, զրուցակիցը շեշտում է՝ որևէ անձնավորված մեղադրանք չի կարող հնչել քաղաքական թիմի որևէ անդամի հասցեին:

«Եղել է խնդիր, վերահաշվարկ է եղել, արդյունքները հիմք ենք ընդունել ու անցել առաջ: Այստեղ ոչ մի անձնական որակումներ չեն կարող հնչել»,- ասում է նա:

 

Հիշեցնենք՝ երեկ տեղեկություններ էին տարածվել, ըստ որոնց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության՝ նախորդ շաբաթ կայացած ընտրության արդյունքներում փոփոխություններ են եղել, քանի որ սխալ վերահաշվարկ է իրականացվել:

Մասնավորապես, արված վերահաշվարկի արդյունքում փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դուրս են մնացել վարչության կազմից՝ տեղը զիջելով պատգամավոր Արսեն Թորոսյանին և ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանին։

  • Կիսվել: