Անձամբ շատ ծանր եմ տանում․ վարչապետը՝ կոռուպցիայի ընկալման համաթվում ՀՀ-ի գրանցած հետընթացի մասին
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն փաստին, որ կոռուպցիայի ընկալման համաթվի առումով ՀՀ-ն հետընթաց է գրանցել։
Այս առնչությամբ նա ասաց. ՛՛Շատ մտահոգված եմ այդ տվյալով, դա շատ մեծ ձախողում է։ Անձամբ շատ ծանր եմ տանում։ Անգամ, եթե վիճակագրության մեջ սխալ կա, մեր քաղաքականությունն այն է, որ բոլոր ռեյտինգներով պետք է ունենանք առաջընթաց։ Եթե կա հետընթաց, ուրեմն ինչ-որ բան այն չէ՛՛։
Փաշինյանն ասաց, որ այդ թեմայով քննարկումներ ունեցել է, կառավարության նիստում էլ կքննարկեն։
՛՛Այն փաստը, որ հակակոռուպցիոն քաղաքականության միջազգային ռեյտինգներում թեկուզ փոքր հետընթաց ենք ունենում, անընդունելի է։ Դեր ունեն ԶԼՄ-ների հրապարակումներն այս կամ այն պաշտոնյանի կոռուպցիոն գործարքների մասին։ Առաջարկում եմ բանաձեւ, որ նման որեւէ հրապարակում անարձագանք չպետք է մնա։ Եթե ճիշտ չէ, քաղաքացիական հայցով պետք է հետամուտ լինել։ Թեկուզ երկու տարի հետո դատարանի որոշում լինի՛՛,-նշեց վարչապետը:


