Անցյալ տարի «Վերնիսաժ»-ի մոտ հայտնի գործարարներից մեկի «Range Rover»-ի ուղղությամբ կրակած 32-ամյա քաղաքացին հայտնաբերվել է. Ոստիկանություն (տեսանյութ)
Ապրիլի 27-ի լուսադեմին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները իրացրել են առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած տեղեկությունները՝ համագործակցելով Կենտրոնականի բաժնի գործընկերների հետ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Արդյունքում Երևանի Մայիսի 9-ի փողոցի տներից մեկում հայտնաբերվել և գլխավոր վարչություն բերման է ենթարկվել Երևանի Վարդանանց փողոցի բնակիչ 32-ամյա մի տղամարդու:
Հիշեցնենք, որ 2021 թվականի օգոստոսի լույս 1-ի գիշերը Արամի փողոցի «Վերնիսաժ» առևտրի կենտրոնի հարակից տարածքում 32-ամյա տղամարդը կյանքից զրկելու դիտավորությամբ հրազենից 5 անգամ կրակել էր «Range Rover» մակնիշի մեքենայում նստած երկու քաղաքացու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին հասցնել չէր կարողացել, քանի որ նրանք մեքենայով դիմել էին փախուստի: Դեպքի վայրում հայտնաբերվել էին պարկուճներ և այլն։
Կենտրոն և Նորք-Մարա շի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ: 32-ամյա տղամարդը ներգրավվել էր որպես մեղադրյալ:
Նրան հայտնաբերելու նպատակով 2021 թվականի օգոստոսի 14-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից, սպանության փորձի, ապօրինի կերպով զենք կրելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով, հայտարարվել էր հետախուզում. խափանման միջոցը՝ կալանք:
Ոստիկանների հետևողական և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապրիլի 27-ին հետախուզվողը հայտնաբերվել է: Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ 2021 թվականի օգոստոսի 1-ին ֆոտոլրգրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ ժամը 00։40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցից դեպի Վերնիսաժ կրակոցներ են հնչել, Արամ Մանուկյանի արձանի դիմաց հայտնաբերվել է «Range Rover» մակնիշի 50 DD 555 համարանիշի ավտոմեքենա, որը, ըստ աղբյուրի, պատկանում է Հայաստանում հայտնի գործարարներից մեկին։