հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ամփոփվել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման գործընթացը

Ամփոփվել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման գործընթացը

Հայաստանի Հանրապետությունը, Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ, իրականացնում է «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիրը, որի շրջանակում մեկնարկել է բուհերին դրամաշնորհների տրամադրման Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) նոր շրջափուլը՝ ԲՏՃՄ (STEM) ուղղությամբ։

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ բուհերին դրամաշնորհների տրամադրման  համար նախատեսված բյուջեն կազմում է 1 695 000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ, ընդ որում` յուրաքանչյուր անհատական ծրագրերի համար նախատեսվում է առավելագույնը 250 000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ, իսկ կոնսորցիումային ծրագրերի համար՝ 500 000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ։  Վարկային ծրագիրն իրականացնում է ԿԳՄՍ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը։

ՆՄՀ դրամաշնորհները մրցակցային հիմունքներով ուղղվում են բուհերում նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը, նրանց ընդհանուր կարողությունների՝ դասավանդման և ուսումնառության միջավայրի, գործնական, հետազոտական կարողությունների հզորացմանը և այլն: ՆՄՀ-ի նպատակն է նաև զարգացնել բուհերի ֆինանսական և ռազմավարական պլանավորման կարողությունները, աջակցել այն ծրագրերին և նախաձեռնություններին, որոնց միջոցով կամրապնդվեն թե´ կապը տնտեսության զարգացման գերակա ոլորտների հետ, թե´ միջազգային համագործակցության հնարավորությունները՝ ընդլայնելով բուհերի՝ լրացուցիչ ֆինանսական աղբյուրների ներգրավման կարողությունները:

2022 թվականի սեպտեմբերի 19-ից  Նորարարությունների մրցակցային հիմնադրամի  շրջանակում մեկնարկել էր դրամաշնորհային ծրագրերի մրցույթի գործընթացը, և հայտերի ընդունման վերջնաժամկետ էր սահմանվել 2022 թվականի նոյեմբերի 21-ը: Արդյունքում՝ դրամաշնորհային մրցույթին հետաքրքրվածության հայտ է ներկայացրել 11 բուհ: Համաձայն ՆՄՀ ղեկավար ձեռնարկի՝ հայտերի ընդունումից հետո իրականացվելու է հայտերի իրավասության և ամբողջականության գնահատում, որից հետո իրավասու և ամբողջական հայտերը գնահատելու են անկախ փորձագետները, իսկ հայտերի ֆինանսավորման վերջնական որոշումն իրականացնելու է ՆՄՀ համակարգող խորհուրդը։

Հավելենք, որ բուհերին ՆՄՀ դրամաշնորհների տրամադրման գոործընթացը մենկարկել է «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի շրջանակում, որի արդյունքում իրականացվել են 10 նորարարական ծրագրեր: «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում կազմակերպվել է բուհերին դրամաշնորհների տրամադրման երեք շրջափուլ, որոնց ընթացքում իրականացվել են 18 նորարարական ծրագրեր, ինչի արդյունքում բուհերում ստեղծվել են ժամանակակից սարքավորումներով հագեցած նորարարական կենտրոններ, լաբորատորիաներ և այլ ենթակառուցվածքներ։ Բուհերի կողմից իրականացվող նորարարական ծրագրերը մեծապես կարևորվում են ոչ միայն վերջիններիս կրթական, գիտական ու հետազոտական կարողությունների հզորացման, իրականացվող դասավանդման և ուսումնառության համար գործնական հենք ապահովելու, այլ նաև բուհ-աշխատաշուկա և կրթություն-գիտություն-բիզնես կապի ապահովման տեսանկյունից:

  • Կիսվել: