ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ամիրյան  փողոցում պատշգամբից քարերն ու սվաղը թափվել են «Բալլի» խանութի մուտքի ծածկի վրա

Ամիրյան  փողոցում պատշգամբից քարերն ու սվաղը թափվել են «Բալլի» խանութի մուտքի ծածկի վրա

Այսօր՝ փետրվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոց թիվ 10 շենքի բնակարաններից մեկի պատշգամբից քարերն ու սվաղը թափվել են, և կա վտանգ, որ հնարավոր է պատշգամբի փլուզում տեղի ունենա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարար ջոկատից, տարածքում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով «Բալլի» խանութի աշխատակիցները իրենք էին հսկել, որպեսզի քաղաքացիները շրջանցեն մայթը, քանի որ պատշգամբից թափված քարերն ու սվաղը վնասել էին նաև «Բալլի» խանութի մուտքի պաշտպանիչ ծածկը։

Ժամանած փրկարարները ծածկի վրայից հեռացրել են քարի կտորները և սահմանազատել են տարածքը։

Բարեբախտաբար քարաթափման պահին քաղաքացիներ չեն անցել, հակառակ դեպքում նրանց կպատճառվեին մարմնական վնասներ։

Դեպքի մասին տեղեկանալով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի գլխավորությամբ ժամանել են թաղապետարանի աշխատակիցները, ովքեր խոստացան, որ եթե այս պահին անհրաժեշտ տեխնիկան ազատ լինի՝ խնդիրը կլուծեն, իսկ եթե ոչ՝ առավոտյան ամբողջությամբ վտանգը կչեզոքացնեն։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ տարածքը սպասարկող ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ ասում էին․ «Էս փողոցում նմանատիպ շատ բալկոններ կան, այսօր առավոտյան նաև դիմացի շենքի բալկոնից էր քարերը թափվել։ Էլի լավ էր՝ մարդու բան չէր եղել։ Իսկ էս բալկոնից քարերն ու սվաղը թափվելուց հետո մինչև փրկարարների ժամանումը «Բալլի» խանութի 3 երիտասարդ տղաներ կարելի է ասել հերթապահություն էին իրականացնում ու հետիոտներին հորդորում էին, որպեսզի այդ վայրով չանցնեն»։

  • Կիսվել: