երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Ամեն ինչ արվում է, որ խոչընդոտեն Եպիսկոպոսաց ժողովը․ Նաթան Սրբազան

Ամեն ինչ արվում է, որ խոչընդոտեն Եպիսկոպոսաց ժողովը․ Նաթան Սրբազան

Չեմ կարող հիմա կոնկրետ որևէ բան ասել՝ կայանալու է Եպիսկոպոսաց ժողովը, թե ոչ, համենայնդեպս, Գերագույն հոգևոր խորհրդի 6 եպիսկոպոսների երկիրը լքելու արգելք կա։ Այս մասին Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ 

Նաթան Սրբազանի դիտարկմամբ՝ ամեն ինչ արվում է, որ խոչընդոտեն Եպիսկոպոսաց ժողովը։

«Եպիսկոպոսաց ժողովը պիտի  ունենա իր քվորումը և պիտի ունենա նաև եպիսկոպոսների ներկայությունը։ Հարցը միայն  քվորում ապահովելու խնդիրը չէ, ի վերջո կոլեգիալ հարցեր կան։ Ամեն պարագային ամեն ինչ արվում է, հավանաբար, որպեսզի այդ Եպիսկոպոսաց ժողովը ինչ-որ ձևով խափանվի, խաթարվի կամ չկատարվի»,- նշեց Սրբազանը։

Թե արդյոք հնարավոր է, որ այն եպիսկոպոսները, որոնք չեն կարող լքել երկիրը, հեռավար մասնակցեն Եպիսկոպոսաց ժողովին՝ Նաթան Սրբազանը հստակ պատասխան չտվեց, նշեց՝ ոչինչ կոնկրետ  չի կարող ասել, որովհետև ընդամենը երեկ է այդ ամենը եղել, որի համար պետք է քննարկել և որոշումներ առնել։

Հարցին՝ քննարկվո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի հայտարարած «եկեղեցու բարենորոգման» արշավին միացած եպիսկոպոսների կարգալուծության հարցը, օրինակ՝ խոսում են Սիոն սրբազանին կարգալույծ անելու հարցը, Նաթան Սրբազանը պատասխանեց, երբ նման քննարկումներ լինեն, կիմանան,  գաղտնի չեն պահելու, կտեղեկացնեն։ Ինչ վերաբերում է Արման Սարոյանի հայցին, որի վերաբերյալ որոշումն էլ պատճառ է դարձել եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդման՝ Նաթան Սրբազանը նշեց, որ թեմի առաջնորդը պաշտոնյա չէ, առաջնորդը ծառայում է։

  • Կիսվել: