ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ալեն Սիմոնյանը թող գնա, մի գիշեր զինվորի կողքը քնի, հետո, եթե մարդ լինի, ճիշտը կասի. զոհվածի ծնող

Ալեն Սիմոնյանը թող գնա, մի գիշեր զինվորի կողքը քնի, հետո, եթե մարդ լինի, ճիշտը կասի. զոհվածի ծնող

Եթե մենք օրինական երկրում ապրեինք, պատերազմ չէր լինի, հիմա ինչ կատարվում է, անօրինականության պատճառով է։ Այս մասին ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողների ծնողներից մեկը։

«Ժողովուրդը պետք է իր աչքերը բացի ու հասկանա՝ ո՞ր երկրում է ապրում ու ինչ իշխանություն ունի, էլ ի՞նչ պետք է կատարվի, որ հասկանան։ Անօրինականությո՞ւնը չէր ամիսներ առաջ կատարված դեպքերի պատճառը՝ հղի կնոջը վրաերթի ենթարկելու, Ապարանի դեպքերի, երբ սպանվածի եղբայրը ասում էր՝ միայն վարչապետը կարող է բացահայտել այդ դեպքը, բացահայտե՞ց։ Ո՞վ պետք է պատասխան տա 15 զինվորի համար։ Երբ ասում էինք, որ զոհերի քանակը կշատանա, լուրջ չմոտեցան այս հարցին, տեսա՞նք, որ շատացավ։ Քանի՞ օր է անցել, ունե՞նք ստույգ տեղեկություն հրդեհի մասին, թե ինչ է եղել։ Ես կցանկանայի, որ այդ զոհվածների ծնողները հարցնեն իրենք իրենց՝ երբ ամիսներ առաջ ասում էինք մեր երեխաների արյունը ջուր չի դառնալու, ինչո՞ւ լուրջ չմոտեցան այդ հարցին, պարտադիր պետք է դա կատարվեր իրենց ընտանիքների հետ, որ հասկանային։ Ես դեռ չգիտեմ էլ՝ հասկացել են, թե չէ»,- ասաց նա։

Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ վերջերս արած այն հայտարարությանը, որ տունը, որտեղ եղել են զինվորները, ունեցել է նորմալ պայմաններ, զոհվածի հայրը ասաց․«Այդպես պետք է ասեն, ուրիշ էլ ի՞նչ պետք է ասեն, Ալեն Սիմոնյանը ասելուց առաջ թող գնա մի գիշեր այնտեղ զինվորի կողը քնի, նոր դրանից հետո, եթե մարդ լինի, ճիշտը կասի»։

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն խոսքին, թե ամեն օր էլ սգո օր է, զոհվածի ծնողն ասաց. «Անդրանիկ Քոչարյանի համար ամեն օր էլ ուրախանալի օր է: Նա թող չասի՝ ամեն օր սգո օր է, մեր համար է սգո օր, իրենց համար կերուխումի օր է»:

Պատերազմում զոհված մյուս զինծառայողի ծնողն անդրադառնալով նախորդ տարի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանների կողմից բիրտ ուժով զոհված զինծառայողների ծնողներին բերման ենթարկելուն՝ ասաց. «Մարդկանց հետ ո՞նց կարելի է էդպես վարվել, մանավանդ որդեկորույս ծնողների հետ: Քանի այս իշխանություններն են, ես ոչ մի սպասելիք չունեմ, որ կարող է՝ իրենց օրգաններին հանմապատասխան պատժի ներկայացնեն: Հիմնականում նրանց գործառույթը իշխանությանը պահելն է»:

Այն դիտարկմանը, որ ոստիկանների եւ ծնողների միջեւ 5 անգամ առերեսում է եղել, սակայն չի բացահայտվել, թե ով է բերման ենթարկելու հրամանը տվել, զոհվածի ծնողն արձագանքեց. «Այնտեղ չբացահայտվելու բան չկա: Նկարները կան, մարդիկ իրենց բերանով ասում են՝ արել ենք ու ներողություն են խնդրում, սակայն քրեական մարմինները պատասխանատվության չեն ենթարկում»:

  • Կիսվել: