կիրակի, ապրիլ 5
5 / 4 / 2020
Ախալքալաքի մունիցիպալիտետում կվերանորոգվի 10 դպրոց

Ախալքալաքի մունիցիպալիտետում կվերանորոգվի 10 դպրոց

2020 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետում կվերանորոգվի թվով 10 դպրոց: Հիմնականում այդ դպրոցներում զուգարաներ կկառուցվեն, գրում է jnews.ge-ն:

Ախալքալաքի քաղաքապետարանից հայտնում են, որ լրացուցիչ ևս 10 դպրոցի նախագիծ են պատվիրել, եթե գումար լինի, այդ կրթարաններում ևս աշխատանքներ կտարվեն:

«10 դպրոց ուզում ենք այս տարի վերանորոգենք, եթե լրացուցիչ գումար լինի, ապա 10 դպրոցի նախագիծ ևս պատվիրել ենք, ունենք։ Եթե տարվա կեսից գումար եղավ այդ 10 դպրոցն է կվերանորոգենք։ Դպրոցների նախագծերը կազմվել է մոտավորապես 100 000, 80 000 և 90 000 լարիի սահմաններում, սակայն դպրոց կա, որ կազմել է 130 000 կամ 140 000 լարի»,- ասաց Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակառուցվածքների բաժնի աշխատակից Գարիկ Գալիվոնջյանը:

Վերանորոգման և սանհանգույցների կառուցման աշխատանքներ կկատարվեն շրջանի հետևյալ դպրոցներում.

Գոմանի դպրոցին հատկացվել է 94 798 լարի: Կատարվելու է դպրոցի ներքին նորոգման աշխատանքներ, ինչպես նաև զուգարանի և հակասեպտիկի կառուցման:

Փոքր Սամսարի դպրոցում զուգարանի և հակասեպտիկի կառուցման համար հատկացվել է 80 000 լարի:

Արագվայի դպրոցի զուգարանի և հակասեպտիկի կառուցման համար հատկացվել է 54 000 լարի:

Մեծ Սամսարի դպրոցում զուգարանի կառուցման և վերանորոգման աշխատանքների համար հատկացվել է 100 000 լարի:

Ղադոլարի դպրոցին հատկացվել է 125 000 լարի: Դպրոցում կկառուցվի զուգարան, կվերանորոգվի կտուրը, կանցկացվի ջեռուցման համակարգ, ինչպես նաև կկառուցվի հակասեպտիկ:

Գոգաշենի դպրոցում զուգարան կկառուցեն 60 000 լարիի սահմաններում:

Բավրայի դպրոցին հատկացվել է 100 000 լարի, այստեղ կկառուցվի զուգարան և հակասեպտիկ:

Սուլդա գյուղի դպրոցին հատկացվել է 125 000 լարի, որը կծախսվի դպրոցում զուգարանի և հակասեպտիկի կառուցման վրա, ինչպես նաև տանիքի նորոգման:

Մուրջախեթի դպրոցում 100 000 լարիով կկատարվեն շենքի և կտուրի վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև կկառուցվի զուգարան:

Կարծախի դպրոցին հատկացվել է 125 000 լարի, որի սահմաներում կկատարվի կտուրի վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև զուգարան և հակասեպտիկ կկառուցվի։

Վերանորոգման աշխատանքների ընդհանուր գումարը կազմում է 963 798 լարի։

«Հիմա այդ մեկ միլիոն լարիով առաջնահերթ նշված դպրոցները կվերանորոգենք։ Բացի ներկայացված դպրոցներից էլի ունենք դպրոցներ, օրինակ՝ շատ վատ վիճակի մեջ է Ազավրեթի դպրոցը, այս տարի ուզում ենք փող պահանջել, որպեսզի այդ դպրոցն էլ վերանորոգենք։ Ազավրեթն ու Դիլիսկան նոր դպրոցներ են ուզում, սակայն դա մեծ գումարի հետ է կախված, եթե հատկացնեն գումար ավելի լավ, եթե՝ ոչ, ապա մի բան կմտածենք»,- ասաց Ախալքալաքի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության բաժնի պետ Գարիկ Գալիվոնջյանը:

 

  • Կիսվել: