երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել «Աղաբաբյանս» հյուրանոցային համալիրի մոտ տեղի ունեցած վթարից

ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել «Աղաբաբյանս» հյուրանոցային համալիրի մոտ տեղի ունեցած վթարից

Նոյեմբերի 23-ին` ժամը 22։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան 25/5 հասցեում գտնվող «Աղաբաբյանս» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Subaru» և «Mercedes-Benz» (վարորդ` Ա. Ն.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Subaru» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Subaru» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևոր հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները «Subaru» մակնիշի ավտոմեքենայի ևս երկու ուղևորի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս նույնպես հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։ Տուժածներից Պ․ Ու․-ն (ծնված 2002 թ․) և Մ․ Ս․-ն (ծնված 2003 թ․) տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ․, Տ․ Մ․-ն (ծնված 1999 թ․)՝ «Էրեբունի» ԲԿ, իսկ Դ․ Մ․-ն՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Բժիշկները Պ․ Ու․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, Մ․ Ս․-ինը՝ բավարար, իսկ Տ․ Մ․-ինը՝ ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները, դադարեցրել «Subaru» մակնիշի ավտոմեքենայի յուղի արտահոսքը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

  • Կիսվել: