կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
ԱԻՆ-ում հյուրընկալվել է ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակի պաշտոնյան. նրան ընդունել է նախարարի տեղակալը

ԱԻՆ-ում հյուրընկալվել է ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակի պաշտոնյան. նրան ընդունել է նախարարի տեղակալը

Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դ.Համբարյանն ընդունել է ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Օկտավիան Բիվոլին:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների շրջանակին՝ 2020-2022 թթ. ընթացքում տարածաշրջանային և գլոբալ զարգացումների աջակցման, օրենսդրական և ռազմավարության բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի ակտիվ մասնակցության մասին:

Օ.Բիվոլը վերահաստատել է Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) Գլոբալ Պլաֆորմի ժամանակ ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակի ղեկավար Ռիկարդո Մենայի կողմից հնչեցված պատրաստակամությունը՝ Հայաստանին աջակցել բազմաաղետային վաղ ազդարարման համակարգերի ցանցի տեղայնացման ուղղությամբ, ինչպես նաև ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի անունից պատրաստակամություն է հայտնել Հայաստանին տրամադրել փորձագիտական և ծրագրային օգնություն և ձևավորել երկխոսությունների հարթակներ՝ լավագույն փորձի փոխանակման համար, ինչպես անդամ պետությունների, այնպես էլ առանձին քաղաքային համայնքների մակարդակում։

Հանդիպման ժամանակ վերահաստատվել է աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված ծրագրերի միջնաժամկետ գնահատմանը նվիրված 2023թ-ին Նյու Յորքում կայանալիք բարձրաստիճան հանդիպմանը Հայաստանի մասնակցության հարցը։

Այս համատեքստում կարևորվել է նաև Հայաստանի 22 քաղաքների միացումը «Դարձնենք քաղաքները դիմակայուն 2030» քարոզարշավին և դիմակայունության մշակույթի ձևավորման ուղղությամբ իրականացվող ջանքերին։

Հանդիպման ավարտին փոխնախարարը տեղեկացրել է սպասվող համակարգային փոփոխության մասին, որով նախատեսվում է ՆԳ նախարարության ստեղծումը և հավաստիացրել, որ այն պատրաստ կլինի արդյունավետ համագործակցության շարունակման համար առավել համապարփակ նախաձեռնությունների իրականացմանը։ Ողջունելով սպասվող բարեփոխումները՝ Օ․Բիվոլն ընդգծել է նոր վերափոխումների իրականացման համատեքստում ոլորտային մասնագիտական խորհրդատվական աջակցության պատրաստակամությունը։

  • Կիսվել: