հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱԻՆ-ի աշխատանքները՝ տարածաշրջանում գրանցված երկրաշարժերից հետո․ մեծ չափերի հուշարձանները չեն հետազոտվել

ԱԻՆ-ի աշխատանքները՝ տարածաշրջանում գրանցված երկրաշարժերից հետո․ մեծ չափերի հուշարձանները չեն հետազոտվել

Վերջին շրջանում տարածաշրջանում նկատվեց սեյսմիկ ակտիվությունը։ Իրավաբան.net-ը դիմել է Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ պարզելու, թե ի՞նչ միջոցառումներ, ստուգումներ են անցկացվել ԱԻՆ-ի կողմից, մասնավորապես՝ ուսումնական հաստատություններում, բուժհաստատություններում, առևտրի խոշոր, փակ կենտրոններում, հանրային նշանակություն ունեցող այլ խոշոր հաստատություններում։

Ի պատասխան մեր գրավոր հարցման՝ ԱԻՆ-ից հայտնել են․

2021 թ-ի հունվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 17։22-ին Նախիջևան քաղաքից 34 կմ հյուսիս-արևելք տեղի ունեցած երկրաշարժը զագցվել է Վայոց Ձորի մարզի մի շարք համայնքներում։ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային խառայության» («ՍՊՏԾ») ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից մակրոսեյսմիկ հետազոտության նպատակով ուսումնասիրվել է Վայոց Ձորի մարզի երկու համայնքներում գտնվող 6 բնակելի տներ, գյուղապետարանի մեկական շենք և դպրոց։

Փետրվարի 5-ին Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք 4․7 մագնիտուդ տեղի ունեցած երկրաշարժից հետո «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի մասնագիտական խմբի կողմից կատարվել է Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի հինգ բնակավայրերի թվով 14 բնակելի տների և մեկ դպրոցի մակրոսեյսմիկ ուսումնասիրություններ։

Փետրվարի 13-ին տեղական ժամանակով 15։29-ին Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք տեղի ունեցած երկրաշարժից անմիջապես հետո «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի կառուցվածքների սեյսմակայունության վարչությունը ձևավորել է արագ արձագանքման խմբեր, որոնք Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում կատարել են մակրոսեյսմիկ հետազոտություններ։ Որպես հետազոտության օբյեկտ են ծառայել առաջին հերթին դպրոցներն ու մանկապարտեզները, ինչպես նաև բազմաբնակարան բնակելի շենքերը և անհատական տները։

Փետրվարի 13-ին և 14-ին ուսումնասիրվել են թվով 14 դպրոցներ և 14 մանկապարտեզներ (ուսումնասիրվող օբյեկտների ցանկը տրամադրվել է Երևանի քաղաքապետարանի կողմից)։

Փետրվարի 15-ից իրականացվել են թվով 20 դպրոցական շենքի (Երևան քաղաք, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզեր), 7 բազմաբնակարան շենքի, 10 բնակելի տների, 4 հանրային նշանակության օբյեկտների հետազննություն և տրվել են համապատասպան եզրակացություններ կամ տեղեկանքներ։

Ի պատասխան մեր այն հարցման՝ թե արդյոք հետազոտվել են մայրաքաղաքում գտնվող համեմատաբար խոշոր հուշարձանները (օրինակ՝ Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձան, Մայր Հայաստան, Սասունցի Դավիթ…)՝ նախարարությունից հայտնել են․

 

«Հուշարձանների հետազննություն ԱԻՆ-ի կողմից չի իրականացվել, քանի որ հետազննության դիմում կամ առաջարկ չենք ստացել, բացի այդ պատմամշակութային հուշարձանների հետազննություն իրականացվում է միայն լիազոր մարմնի համաձայնությամբ»։

Հավելենք, որ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի սուբյեկտներն են․

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

բ) պետական կառավարման հանրապետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները.

գ) հուշարձանների սեփականատերերը, օգտագործողները.

դ) հուշարձանների պետական հաշվառման, պահպանման, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման հետ առնչվող իրավաբանական ու ֆիզիկական անձինք:

Նույն օրենքի 36-րդ հոդվածի համաձայն, հուշարձանի սեփականատերը պարտավոր է`

ա) ապահովել հուշարձանի պահպանությունը և անվթարությունը.

բ) սահմանված կարգով տալ հուշարձանի պահպանական պարտավորագիր լիազորված մարմնին` հանրապետական նշանակության հուշարձանի դեպքում, կամ պետական կառավարման տարածքային մարմնին (Երևան քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ոլորտի նախարարությանը)` տեղական նշանակության հուշարձանի դեպքում.

գ) ապահովել հուշարձանի մատչելիությունն ուսումնասիրման և պահպանության վերահսկման համար.

դ) կատարել հուշարձանի ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ` դրանց նախագծերը նախապես համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ.

ե) հուշարձանը պահել բարեկարգ և մաքուր վիճակում, վերացնել օգտագործման ընթացքում հուշարձանին և դրա պահպանության գոտուն պատճառված վնասները.

զ) լիազորված մարմնին նախապես տեղեկացնել հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքի, դրա պահպանման և օգտագործման պայմանների փոփոխման մասին:

ԱԻՆ-ից նաև նշում են, որ 2021 թ․ ՀՀ տարածքում տեղի ունեցած երկրաշարժերը միջին ուժգնության էին (ուժեղ երկրաշարժ է համարվում 5․5 մագնիտուդից բարձր ուժգնությամբ երկրաշարժը) և դրանք չէին կարող բացասական ազդեցություն թողնել նշված հուշարձանների փաստացի տեխնիկական վիճակի և սեյսմակայունության մակարդակի վրա։

 

  • Կիսվել: