հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱԻ նախարարն առաջարկել է ներդնել կրթական նոր ծրագիր (տեսանյութ)

ԱԻ նախարարն առաջարկել է ներդնել կրթական նոր ծրագիր (տեսանյութ)

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի միջև համագործակցության նոր ծրագրի գաղափարի քննարկման նպատակով արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը դեկտեմբերի 23-ին այցելել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, հանդիպել բակալավրի կրթական ծրագրի ուսանողների հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարի առաջարկով ներդրվելիք կրթական ծրագիրն ուսանողներին հնարավորություն կտա քառամյա ուսման վերջին մեկ տարին սովորել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ստանալ սպայի կոչում և պայմանագրային հիմունքներով ծառայել բանակում:

Անդրանիկ Փիլոյանի խոսքով՝ ուսումնասիրվելու են երկու բուհերի կրթական ծրագրերի համադրման հնարավորությունները: Կմշակվի հարցաշար եւ ուսանողների մասնակցությամբ հարցախույզ կկազմակերպվի՝ հասկանալու համար վերջիններիս դիրքորոշումը:

Այսօր ՃԿՊԱ ավելի քան 90 շրջանավարտ ծառայում է պաշտպանության նախարարության տարբեր ստորաբաժանումներում, 60 շրջանավարտ՝ ոստիկանությունում, 10 շրջանավարտ՝ ազգային անվտանգության ծառայությունում: Ակադեմիայի հեռակա համակարգում սովորում է պաշտպանության նախարարության և ոստիկանության 100 աշխատակից և ծառայող: Նախարարը լիահույս է, որ առաջարկը հաջողությամբ կյանքի կկոչվի, և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտները կհամալրեն ազգային բանակի սպայական կազմը:

  • Կիսվել: