երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԱՀԿ-ում հայտնել են՝ երբ է ավարտվելու կորոնավիրուսի համավարակը

ԱՀԿ-ում հայտնել են՝ երբ է ավարտվելու կորոնավիրուսի համավարակը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական ներկայացուցչության ղեկավար Հանս Քլյուգեն գերմանական Welt պարբերականի հետ զրույցում հայտնել է, որ կարելի է ակնկալել՝ COVID-19-ի համավարակը կավարտվի 2022 թվականին։

«Ենթադրում են, որ 2021-ը կլինի COVID-ի ևս մի տարի, սակայն այն կլինի ավելի կանխատեսելի ու կառավարելի։ 2020 թվականը «terra incognita» էր՝ գիտական ու քաղաքական անհայտությունը։ Մեկ տարի անց մեք զգալի ավելի շատ բան գիտենք։ Մենք ունենք գործիքներ, ախտորոշման ծրագրեր ու պատվաստանյութ», – նշել է նա՝ ընդգծելով, որ այս հարցում շատ կարևոր է նախապես պլանավորելը, ուստի կարելի է ենթադրել, որ հաջորդ տարվա սկզբին համավարակը կավարտվի։

«Սա չի նշանակում, որ վիրուսը կանհետանա։ Սակայն, հուսամ, այդ ժամանակ արդեն միջամտության կարիք չի լինի», – հավելել է Քլյուգեն։

Ընդ որում՝ նա կարծում է, որ շատ կարևոր նշանակություն ունի «եվրոպական համերաշխությունը», քանի որ չի կարելի թույլ տալ, որ հարուստ շրջանների բնակիչները պատվաստվեն, իսկ մյուսները՝ ոչ։

Ավելին՝ Քլյուգեն վստահ է, որ շատ կարևոր է նաև այն, թե ինչպես են երկրները հրաժարվելու սահմանափակումներից, քանի որ դրանք չափազանց արագ թուլացնելու դեպքում իրավիճակը կրկին կսրվի։

  • Կիսվել: