«Ահավոր ձայներ էին, ես որ եկել եմ, երեխեն արդեն ասֆալտին ընկած էր». արյունալի կրակոցների ականատես
Փետրվարի 4-ին ընկերներով եկել էին այստեղ, որ նշեն ծնունդը, էդ դեպքը եղավ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Փարաքար խոշորոացված համայնքի Մերձավան բնակավայրի բնակչուհիներից մեկը՝ անդրադառնալով գիշերը տեղի ունեցած ողբերգական դեպքին, երբ կրակոցներից մահացել էր բնակավայրի վարչական ղեկավարի հորաքրոջ որդին:
Հարցին՝ ձայները լսե՞լ է, կինը պատասխանեց. «Շատ ուժեղ ձայներ էին, ահավոր ձայներ էր գալիս, կրակոցի ձայներ: Երբ մենք դուրս եկանք, եկանք արդեն հանդարտվել էին: Երբ ես եկել եմ, արդեն երեխան մահացած էր, ասֆալտին ընկած էր»:
Պատճառների մասին մերձավանցի կինը տեղյակ չէր. «Ես տեղեկություն չունեմ դրանցից, ինքը բացարձակապես նման խնդիրների մեջ չի մտել: Այո, համայնքի ղեկավարի ազգական էր»,-ասաց նա՝ հավելելով, որ գյուղապետ Մհեր Ախտոյանը եւս այդտեղ է եղել:
Նշենք, որ այս գիշեր Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում զինված հարձակում է տեղի ունեցել բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ: Կա մեկ զոհ, մեկ վիրավոր: Սպանվածը Ախտոյանի հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը:
Հարեւանները NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ սպանվածը 30 տարեկան Գրիգոր Օհանյանն է, ով նոր էր նշանադրվել, պատրաստվում էր ամուսնանալ: Նա փորձել է օգնության հասնել իր հարազատներին եւ կրակոցները նաեւ իրեն են դիպել:
Դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ, արյան հետքեր, նաեւ կրակոցների հետքեր:
Նշենք, որ թե գյուղապետի տան, թե դիմացի տան վրա կան տեսախցիկներ եւ հավանաբար ամեն ինչ ֆիքսվել է:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 44-155-րդ հոդվածի 1-ին մասով: