ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Աղբահանության հիմնարկի դանակահարված երկու աշխատակիցներից մեկին վիրահատել են

Աղբահանության հիմնարկի դանակահարված երկու աշխատակիցներից մեկին վիրահատել են

Երեկ գիշեր իրենց աշխատանքը կատարելիս դանակահարվել է ԵԱՍՄ համայնքային հիմնարկի երկու աշխատակից: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Վերջիններին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Դանակահարված քաղաքացիներից մեկն ունեցել է անոթների, ձախ թուլակողի շրջանում կտրած-ծակած վնասումներ, մկանների պատռվածք: Քաղաքացին վիրահատվել է, կատարվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումներն ու միջամտությունները, այս պահին նա գտնվում է բաժանմունքում՝ դինամիկ հսկողության տակ: Բժիշկներին հաջողվել է փրկել քաղաքացուն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Երկրորդ քաղաքացու մոտ եղել է կտրած-ծակած վերք շեքի հատվածում և ձախ արմնկային ոսկորի կոտրվածք: Վերջինը ստացել է համապատասխան բժշկական օգնություն, կատարվել են բուժական բոլոր միջոցառումները, վիճակի կայունացումից հետո նա հրաժարվել է հոսպիտալացումից ու հետագա բուժումից: Կեսգիշերին վիրավորներին է այցելել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Քիչ առաջ Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ Երևան քաղաքի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): Հանցանքն առերևույթ կատարած անձի ինքնության վերաբերյալ առկա է օպերատիվ տեղեկատվություն։

 

Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն հանցանքն առերևույթ կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։

  • Կիսվել: