ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը չի փոխվել. պատգամավորները, քաղաքացիները ոգեկոչեցին Բաքվի, Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը

Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը չի փոխվել. պատգամավորները, քաղաքացիները ոգեկոչեցին Բաքվի, Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը

Հայաստանի ԱԺ պատգամավորներ, քաղաքացիներ հարգանքի տուրք մատուցեցին Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և ադրբեջանական այլ քաղաքներում հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունների զոհերի հիշատակին:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ոգեկոչման արարողությունը տեղի ունեցավ հունվարի 19-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարևանությամբ գտնվող խաչքարի մոտ:

 

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը նշեց, որ պատմության այս արյունալի էջերից պետք է դասեր քաղել և փաստեց, որ այն քաղաքականությունը, որը վարում է Ադրբեջանի իշխանությունը, շարունակվում է մինչ օրս, ինչի վառ ապացույցն է Լաչինի միջանցքի փակումը և Լեռնային Ղարաբաղի շրջափակումը:

 

 «Ադրբեջանում, մասնավորապես՝ Բաքվում, Սումգայիթում, Շամխորում և այլ քաղաքներում այն, ինչ տարիներ առաջ իրականացվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից,  էթնիկ զտման քաղաքականություն է,  որովհետև մոտ կես միլիոն հայեր են ապրել Ադրբեջանում, իսկ փաստացի այս պահին այնտեղ ոչ ոք չի մնացել, հազարավորները զոհվել են, մեծ մասը դարձել են փախստականներ: Եվ այս քաղաքականությունը փաստացի ապացուցվում է նրանով, ինչ ներկայում Ադրբեջանը իրականացնում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»,- ասաց պատգամավորը:

 

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, « Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր   Թագուհի Թովմասյանն ասաց,  որ մենք բոլորս պետք է խիստ ընդգծենք և կարևորենք այս օրը, քանի որ փաստորեն տարիներն անցնում են, բայց թշնամին և նրա նկրտումները մեր և մեր տարածաշրջանի նկատմամբ չեն փոխվել:

«Ոչ մի բան չի փոխվել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մեջ, և ստացվում է,  որ տարիներ առաջ մեր հայրենակիցներին տեղահան անելով, սպանության ենթարկելով, ադրբեջանցիները նրանց զրկել են իրենց ապրելու և կեցության իրավունքից: Ես ուզում եմ  հստակ արձանագրենք, որ այսօրվա ակցիան շատ կարևոր է, որպեսզի ողջ աշխարհը տեսնի, որ մենք չենք մոռանում: Ցեղասպանությունը բոլոր ժամանակներում պետք է ունենա մեկ հստակ արձագանք,  այն է՝ պատիժ: Քանի դեռ մենք չենք ունեցել պատիժ, անընդհատ կրկնվելու են նույն հանցանքները: Արցախում տեղի ունեցող  վերջին դեպքերն էլ ապացուցում են, որ Ադրբեջանը հերթական անգամ պատրաստ է ցեղասպանության և ոչնչի առջև կանգ չի առնի»,- ասաց Թագուհի Թովմասյանը:

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայաբնակ շրջանների հայության բռնաճնշումների ուսումնասիրությունների բաժնի գիտաշխատող  Գայանե Հովհաննիսյան ասաց, որ ջարդերի սկիզբը դրվել է Սումգայիթում 1988 թվականին,  ապա շարունակվել Կիրովաբադում և այլ քաղաքներում, իսկ  1990 թվականի հունվարի սկզբին արդեն ջարդերը սկսվել են Բաքվում, որոնք շարունակվել են մինչև հունվարի 19-ը:

  • Կիսվել: