երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
8-ամյա հայ գիտունիկ Միքայել Հակոբյանը 2022-ն ամփոփել է նոր ռեկորդներով

8-ամյա հայ գիտունիկ Միքայել Հակոբյանը 2022-ն ամփոփել է նոր ռեկորդներով

Փոքրիկ գիտունիկ Միքայել Հակոբյանը տարին ավարտել է միանգամից երեք նոր ռեկորդով, որոնք գրանցվել են «Դյուցազնագրքում»։ 8-ամյա տղան 8 րոպե 34 վայրկյանում լրացնում եւ ներկայացնում է քիմիական տարրերի պարբերական աղյուսակը, այն արտասանում է 57 վայրկյանում, 59 վայրկյանում փակ աչքերով երկու ձեռքով միաժամանակ գրում է 110 տառ, 32 բառ եւ 8 նախադասություն։ Միքայելն, ընդհանուր առմամբ, «Դյուցազնագրքում» ունի 86 ռեկորդ, մեկն ունի «Գինեսի» ռեկորդների, եւ երեքը՝ ռուսական InterRecords ռեկորդների գրքերում։

Միքայելի մայրը հիշում է՝ տղայի մոտ բացառիկությունը նկատվել է ծնված օրվանից։ Դեռեւս չէր խոսում, բայց հետաքրքրություն էր ցուցաբերում շրջակա միջավայրի, առարկաների ու գրքերի հանդեպ․ ամեն բան մտապահում էր ու սովորում։

«Որպեսզի չկորցնեինք նրա այդ տաղանդը, որոշեցինք այն վերածել խաղի, ինչի արդյունքում այսօր ունենք այն ամենը, ինչ սովորել ենք։ Դպրոցում Միքայելը նման է բոլոր երեխաներին, չի տարբերվում ոչ մեկից՝ չարաճճի է, աշխույժ։ Մենք չենք խաթարում նրա մանկությունը, իսկ սովորելը մեզ համար խաղի ենք վերածում, դրա համար Միքայելի համար սովորելը դարձել է ոչ թե տանջանք, այլ հետաքրքիր զբաղմունք»։

Միքայելն իր արտասավոր կարողություններով ներկայացել է ոչ միայն հայկական, այլեւ ռուսական հաղորդաշարերում, որոնցից է, օրինակ, «Пятница» հեռուստաալիքով հեռարձակվող «Վունդերկինդները» շոուն, որտեղ մասնակցում են ամենատարբեր հմտությունների տիրապետող երեխաները։ Միքայելը նշում է՝ իր հետաքրքրությունների շղթան մեծ է, դրա համար էլ երազում է դառնալ ամբողջագետ՝ իմանալ ամեն ինչ, չնայած՝ ունի նախընտրած ճյուղեր․

«Ուզում եմ դառնալ ամբողջագետ, որպեսզի ամեն ինչ իմանամ, բայց ամենից շատ քիմիան ու ֆիզիկան եմ սիրում»,-ասում է տղան։

Ի տարբերություն հասակակիցներից շատերի՝ 8-ամյա Միքայելը շատ ժամանակ չի սիրում անցկացնել համակարգչի առաջ․ ասում է բջջայինն ու համակարգիչն օգտագործում է միայն իրեն հետաքրքրող ինֆորմացիան որոնելու նպատակով։ Ազատ ժամանակ հաճախում է լողի ու շախմատի։

Ամփոփելով տարին՝ Միքայելը նշեց, որ ունի մի մեծ երազանք, որպեսզի աշխարհը չլինի անտարբեր ու այլեւս չլինեն պատերազմներ․

«Ամբողջ աշխարհին ցանկանում եմ խաղաղություն, առողջություն, հաջողություն եւ համերաշխություն։ Աշխարհին կխնդրեմ, որ բացեն աչքերը Հայաստանի առջեւ»։

Նյութը՝ news.am-ի:

  • Կիսվել: