երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
8,5 մլն դոլարի ներդրում է իրականացնելու, տարածքը վարձակալելու է, 4,5 հա-ի վրա 2 սրճարան ունենալը կոռուպցիա՞ է. Քաղաքապետի խոսնակը՝ Օղակաձև զբոսայգու կառուցապատման մասին

8,5 մլն դոլարի ներդրում է իրականացնելու, տարածքը վարձակալելու է, 4,5 հա-ի վրա 2 սրճարան ունենալը կոռուպցիա՞ է. Քաղաքապետի խոսնակը՝ Օղակաձև զբոսայգու կառուցապատման մասին

Ինչու հարց չի առաջանում՝ ինչո՞ւ եք միայն թենիսի կորտերին տարածք տրամադրում, այլ պայմանական «Տաշիր» պիցցայի համար տարածք չեք տրամադրում։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ հիշեցնելով, որ քաղաքապետարանը Օղակաձև 4-րդ հատվածում առաջարկում է տրամադրել այլ տարածք, որ թենիսի կորտերն իրականացնեն իրենց գործունեությունը մեկ այլ հատվածում։

«Ինչո՞ւ եմ շեշտում՝ թենիսի կորտերին տրամադրվում է տարածք այն տրամաբանությամբ, որ քաղաքապետարանն ինչպես թենիսին, այնպես էլ մյուս սպորտաձևերին առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում»,-ասաց նա։

Կոստանյանը շեշտեց, թե անընդհատ խոսում են թենիսի կորտերից, բայց պետք չէ մոռանալ, որ Օղակաձև զբոսայգում գործող ինչպես թենիսի կորտերը, այնպես էլ մյուս տնտեսվարողները՝ բոլորն էլ այդտեղ բիզնես են իրականացնում։

Նա նշեց, որ վերջնական լուծում դեռ չկա, պետք է նախ ճանաչվի հանրային գերակա շահ։

«Քաղաքապետարանը առաձնահատուկ մոտեցում ցուցաբերելու խնդիր չունի այս կամ այն ներդրողի նկատմամբ։ Եթե հետագայում որևիցե այլ ներդրող կլինի, «GreenRock»-ը կլինի, թե մեկ այլ ներդրող, կգա կասի, որ հիմա էլ ուզում ենք զբոսայգու 3-րդ հատվածը վերակառուցել, այգի դարձնել, քաղաքապետարանը որևիցե խնդիր չունի»,-ասաց նա։

Նշենք, որ Factor.am-ը գրել էր, որ «GreenRock Management Group» ընկերությունը, որը դիմել է Երևանի քաղաքապետարան Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում կառուցապատում իրականացնելու համար, պատկանում է ամիսներ առաջ Երևանին 254 մլն ՀՀ դրամ նվիրաբերած Evocabank-ի անվանական բաժնետոմսերի 100%-ի և թողարկման արտոնյալ բաժնետոմսերի 100%-ի բաժնետեր Մարետա Գևորկյանին։

Իսկ թե ինչու է առանց մրցույթի այդ ընկերությանը տրվել՝ ասաց, որ միշտ էլ իրենք հայտարարել են, որ քաղաքապետարանի դռները բաց են բոլորի առաջ և այս տրամաբանությամբ էլ ընտրվել է «GreenRock»-ը։

«Կհիշեք ծրագիրը, որ Evocabank-ի հետ իրականացրեցին, որի շրջանակում բանկը 300մլն-ի ներդրում իրականացրեց մարզադպրոցի կառուցման համար։ Այդ տրամաբանության մեջ քաղաքապետարանը հայտարարել էր, որ եթե կան ծրագրեր, եկեք և իրականացրեք՝ մարզադպրոց կլինի, թե այգի»,-ասաց նա՝ նշելով, որ նշված ընկերությունն էլ եկել էր։

Դիտարկմանը, թե կոռուպցիոն ռիսկ չե՞ն տեսնում,  որ 254 մլդ դրամ է տվել, բայց մեծ տարածք է ստացել, որտեղ բիզնես անելու համար շահեկան հնարավորություն է ստանում՝ խոսնակը պատասխանեց. «Ընկերությունը 8,5 մլն դոլարի ներդրում է իրականացնելու։ Եկեք հասկանանք՝ այդտեղ որտե՞ղ է կոռուպցիան, մարդը վարձակալությամբ է վերցնելու, ինչպես ներկայիս բոլոր տնտեսվարողները։ Ինչքանո՞վ է տրամաբանական 4,5 հա-ի մեջ  պայմանական լինի մեկ սրճարան, դա որևիցե խնդիր առաջացնելո՞ւ է»։

Իսկ թե մեկ սրճարա՞ն է լինելու՝ նա նշեց, որ եթե ծրագիրը հաստատվի, բացառապես 2 սրճարան է կառուցվելու։

  • Կիսվել: